Բավ է պառակտվել
20-09-2021 20:46

Փաշինյանը նշել է խաղաղ զարգացման դարաշրջանում Հայաստանի իշխանությունների երեք առանցքային նպատակները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, “Armenian Business forum 2021” համաժողովին իր ելույթում նշել է Հայաստանի իշխանությունների երեք առանցքային նպատակները տարածաշրջանում խաղաղ զարգացման համատեքստում։
«Ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ կան ուժեր, որոնք ցանկանում են ցույց տալ, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանն անհնար է: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչ դժվարին մարտահրավերի առջև է կանգնած, հետևողականորեն կառաջնորդի Հայաստանին այս ճանապարհով: Այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր և սառնասրտություն», - ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ այդ նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների։
«Մեր քննարկման համատեքստում այս խնդրի լուծումը շատ կարևոր է, քանի որ տարածաշրջանային հաղորդակցության բացումը պետք է հնարավորություն տա Հայաստանին հաղթահարել շուրջ 30 տարի տևող շրջափակումը, ինչը նշանակում է ներդրումային միջավայրի և կառուցվածքի էական փոփոխություն»,-ասել է վարչապետը։
Բացի այդ, ըստ նրա, չափազանց կարեւոր է կրթության ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք ուղղված են կրթության մատչելիությանը եւ որակին: «Այս առումով կառավարությունը նախատեսում է իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատությունների կառուցման կամ հիմնանորոգման ծրագիր», - ասել է վարչապետը:
Կառավարության առաջնահերթությունների շարքում Փաշինյանը նշել է նաև ենթակառուցվածքների զարգացումը: Նրա խոսքով, այս առումով իշխանությունները մտադիր են առաջիկա 5 տարում սկսել կամ ավարտել 15 ջրամբարների շինարարությունը, բացի այդ, նախատեսվում է տարեկան առնվազն 500 կմ ճանապարհ վերանորոգել:
«Ընդ որում, այս ցուցանիշը չի ներառում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության իրականացումը: Առաջիկայում կառավարությունը մտադիր է սկսել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարությունն »,-ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով ՝ այս ներդրումային ծրագրի իրականացման համար երկիրը հայրենական գործարարների, այդ թվում ՝ Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի աջակցության կարիքն ունի, իսկ ամբողջ ներդրումային ծրագրի արժեքը հասնում է մի քանի միլիարդի:
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում, այդ թվում ՝ մասնավոր շինարարության ոլորտում, չկան բավարար ռեսուրսներ, որոնք թույլ կտան իրականացնել կառավարության այս հավակնոտ ծրագիրն», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ հայ գործարարները, ներառյալ Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անդամները, կարձագանքեն պետական ծրագրերի մեկնարկին `ոգեշնչված պետական ներդրումների մասշտաբով: