Բավ է պառակտվել
22-01-2019 17:43

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերը

 

Կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է մի խումբ գործարարների հետ և քննարկել Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։

Մասնավորապես, վարչապետը շվեյցարա-հայկական առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է Հայաստանի դեղագործական արդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ընդլայնման հետ կապված հարցեր։ Բարոնյանը նշել է, որ ներկայումս երևանյան ընկերությունը զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է նաև Հայաստանում դեղորայքի արտադրության և արտահանման կազմակերպումը։ Գալիք հինգ տարվա ընթացքում նախատեսվում է ներդնել ավելի քան 10մլն դոլար, ստեղծելով բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր։ Նա վարչապետին ներկայացրել է նաև այլ ներդրումային ծրագրեր՝ կապված բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ էներգիայի արտադրության և պղնձի վերամշակման հետ։

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը հայկական կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր։ Փաշինյանը ողջունել է Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել է կառավարության մոտակա տարիների ռազմավարությունը էներգետիկայի ոլորտում և այդ ոլորտի զարգացման հեռանկարները։ Վարչապետն առաջարկել է գործարարին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարության հետ քննարկել ծրագրի իրականացման արդյունավետության հետ կապված հարցերը։

Փաշինյանը հանդիպել է նաև “Ֆրանկ Մյուլլեր” ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը Հայաստանում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Փաշինյանն ու Սրմաքեշը քննարկել են նաև “Հին Երևան” ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։ Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմական և մշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերին առավելագույնս խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը։