Բավ է պառակտվել
29-04-2021 11:45

Փաշինյանը կմեկնի Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Կազան։ Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ այցի նպատակը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելն է:

Փաշինյանը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։ 

Հինգշաբթի տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, իսկ ընդլայնված նիստն՝ ուրբաթ օրը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մաքսային և սակագների կարգավորումների ունիֆիկացմանը համակարգված մոտեցումների մշակմանը` կապված որոշակի տեսակի զգայուն գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ, ինչպես նաև գյուղատնտեսական շուկայի պաշտպանության և ֆիտոսանիտարական վերահսկողության միջոցառումների հետ:

Հանդիպման մասնակիցներին կներկայացվի զեկույց տիեզերական և գեոտեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության և տրամադրման միջպետական ​​ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին: Կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ոլորտները մինչև 2025 թվականը։

Միջկառավարական խորհրդի ընթացիկ նիստը 27-րդն է 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության մեկնարկից ի վեր և երկրորդն՝ այս տարում։ Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 5-ին Ալմաթիում: