Բավ է պառակտվել
06-02-2019 21:19

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները

Չորեքշաբթիվարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է խորհրդակցություն գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր, տեղոեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

“Այսօր գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն է մեր երկրում։ Սակայն, ընդհանուր առմամբ, շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք և դրանք, թերևս, կապված են ոչ միայն հասանելիության, այլև արտադրական ծավալները մեծացնելու անհրաժեշտության հետ”,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքերով, հայկական արտադրության գինին մրցունակ է գնային առումով, սակայն որոշ դեպքերում մրցունակությունը տուժում է ծավալների սահմանափակության պատճառով, որովհետև երբեմն խոշոր խմբաքանակներն ավելի գրավիչ են դառնում պոտենցիալ գնորդների համար, մանավանդ դրանց պարբերականության հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում:

Նշվել է, որ ոլորտի զարգացումը վերջին շրջանում նպաստել է արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, 2016-ի 7 մլն լիտրի դիմաց 2017 թվականին երկրում արտադրվել է 9 մլն 700 հազար լիտր գինի: Արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր (շուրջ մեկ մլն լիտրի աճ 2016-ի համեմատ):

Ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները։ Նրանք, մասնավորապես, քննարկել են ոլորտում նոր ներդրումների ներգրավման հնարավորությունները, տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերադարձնելիության պայմանները, հարկային վարչարարությունը, օրենսդրական դաշտը, խաղողի այգիներում առաջացող հիվանդությունների կանխարգելմանն ու կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը ամփոփելով նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գինեգործության զարգացմանը և պատրաստ է պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծումների ճանապարհները գտնելու նպատակով։ Ոլորտի զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարևորել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու իրացումը:

Փաշինյանը կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին մոտ ժամանակներս նոր գաղափարներ ներկայացնել կառավարությանը։ Անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել այդ կառույցի գործունեության արդյունավետությունը հասկանալու համար։