Բավ է պառակտվել
26-04-2019 16:06

Փաշինյանը կոչ է արել Հայաստանի կին ձեռներեցին չվախենալ հեծանիվ “հորինել” (տեսանյութ)

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողության կհասնի կանանց ձեռներեցությունը խթանելու դեպքում: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով “Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի” (FCEM) Երևանում բացված միջազգային համաժողովում:

“Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը և ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել է: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց նրանց մասնակցության: Կանանց դերը տեղի ունեցած հեղափոխություն մեջ իսկապես շրջադարձային էր։ Ես համոզված եմ, որ նրանց դերը տնտեսական հեղափոխության մեջ նույնքան կարևոր կլինի”,- ասել է նա:

Վարչապետի կարծիքով, Հայաստանում շատ ոլորտներ, սկսած պետական կառավարման ոլորտից և ավարտած բիզնեսի կազմակերպմամբ ու սպասարկման մակարդակի բարձրացմամբ, կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն:

“Կարծում եմ, որ Հայաստանը կանացի խնամքի անհրաժեշտություն ունի, մենք մեր հայրենիքի տարբեր անկյուններում տեսնում ենք չկազմակերպվածության, թափթփվածության, փնթիության երևույթներ: Մենք պետք է խթանենք կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը բոլոր ոլորտներում”,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ կանանց ակտիվությունը տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որևէ կերպ չի հակասում և չպիտի հակասի հայկական ընտանիքի ավանդույթներին։
“Ես այսօր ուզում եմ իսկապես կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց, որ նրանք իսկապես անեն իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում, որովհետև համոզված եմ` նաև ձեռներեցության մեջ կանայք ավելի արդյունավետ կարող են լինել, ավելի հաշվենկատ, ավելի հավասարակշռված, ավելի հաշվարկված և ունեն հիմնավորված քայլերով առաջ գնալու ընդունակություն”, - ընդգծել է Փաշինյանը։

Նրա համոզմամբ, հայ կինը պատասխանատվության ավելի մեծ զգացում ունի, քան՝ տղամարդը։ Ավելին, կանայք տղամարդկանցից ավելի քիչ են հակված կոռուպցիային։

“Տնետսական և քաղաքական ոլորտներում կանանց ներգրավվածությունը գնալով շատանակու է։ Հուսով եմ, որ կանայք կկարողանան օգտվել միկրոբիզնեսի զարգացման մեր ընձեռնած հնարավորություններից, նախաձեռնություն կցուցաբերեն տնտեսական հեղափոխության գործում։ Նրանց մասնակցությունը վճռական նշանակություն կունենա”,-ասել է վարչապետը։

Նա նաև կոչ է արել կանանց չվախենալ հեծանիվ “հորինել”, քանի որ ցանկացած բան կարելի է նորովի անել։

Ապրիլի 24-ից 28-ը Հայաստանում անցկացվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովը: Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և Հայաստանի կին ձեռներեցների ցանցը: Համաժողովին մասնակցում են 21 երկրի, մասնավորապես՝ Ավստրալիայի, Բելգիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ: Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան հիմնադրվել է 1945 թվականին Ֆրանսիայում: 2014 թվականից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հանդիսանում է ասոցիացիայի լիիրավ անդամ: