Բավ է պառակտվել
16-05-2019 12:56

Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել չինական ներդրումների համար

Պեկինում մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, հաշվի առնելով ՉԺՀ-ի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել չինական ներդրումների համար:

Հանդիպմանը մասնակցել են Ganergy Heavy Industry Group, Hajer, ինչպես նաև Սինձյան նահանգում գործունեություն ծավալող “Չժեն Ի” և MZTL ընկերությունների ղեկավարները։ Համաձայն կառավարության մամլո ծառայության հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։

“Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն”,- ասել է վարչապետը։

Պատմելով իրենց գործունեության մասին, Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են գործունեություն իրականացնել արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում։

“Չժեն Ի” ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել Հայաստանում` ստեղծելով արդյունաբերական գոտի:

MZTL ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Փաշինյանն առաջարկել է ընկերությունների ներկա գտնվող ներկայացուցիչներին Հայաստանի կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:

Նախքան Երևան վերադառնալը Փաշինյանն այցելել է ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն։

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Չինաստան ավարտվել է: