Բավ է պառակտվել
07-06-2019 14:58

Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է գազի գինը և զենքի մատակարարման հարցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը “ՌԻԱ Նովոստիի” հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը:

“Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև, կարծում եմ, որ մենք այս հարցը  քննարկում ենք նաև  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ, պետք է հասկանալ այս խնդրի բոլոր նրբությունները, որովհետև ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք”, - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանն արձանագրել է 7,1 տոկոսի տնտեսական աճ։

“Սա ցույց է տալիս, որ մենք ունենք շատ լավ հնարավորություններ տնտեսական առաջընթացի համար: Մենք սա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ և կարծում եմ, որ պետք է լուծել նաև գազի վերաբերյալ ռազմավարական հարցն”, - ընդգծել է Փաշինյանը:

Ներկայումս գործում է «Գազպրոմ Էքսպորտի» («Գազպրոմ» հոլդինգի կառույց) և«Գազպրոմ Արմենիայի» միջև ստորագրված պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որի համաձայն սահմանվում է Հայաստանի համար գազի գինը 2019 թվականին։

2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստանի սահմանին գազի գինը բարձրացրել է 150-ից մինչև 165 դոլար 1000 խմ-ի համար: Ինչպես հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, Հայաստանի ներքին սակագները կմնան նույնը:

Հայաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է զենքի մատակարարման հարցը։

“Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, և, իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված”, - ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է Երևանին նոր “Իսկանդեր” համակարգեր մատակարարելու հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը բավարար քանակով “Իսկանդերներ” ունի։
“Մենք բավարար չափով “Իսկանդերներ” ունենք, բայց հուսով ենք էլի ինչ-որ բան ստանալ: Եվ՝ ոչ փոքր բան”,- նշել է Հայաստանի վարչապետը: