Բավ է պառակտվել
25-07-2019 16:36

Տնտեսվարողներն ու ՊԵԿ-ը նեղացած են միմյանցից

Տնտեսվարողներն ու ՊԵԿ-ը նեղացած են միմյանցից : Տնտեսվարողները բողոքում են՝ ՊԵԿ-ը չի տրամադրում հաշվիչ դրամարկղային մեքենաներ, և իրենք կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողանում գործունեություն իրականացնել։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասում է , որ նույն տնտեսվարողները պահանջում էին ազատականացնել դաշտը, որ ՊԵԿ-ից բացի մասնավորն էլ ներմուծի, հիմա ազատականացրել են, թող ներմուծեն։
«Նրանք մարդիկ էին, ովքեր ցանկություն ունեին ոլորտում գործունեություն իրականացնել։ Մենք ունեինք ՀԴՄ-ների որոշ պաշար, մեզ թվում էր, որ այդ պաշարը կբավարարի, մինչև որ բիզնեսն այս ազդակներն ստանալով՝ ապահովվի համապատասխան խմբաքանակով։ Հիմա մեր պաշարներն ավելի շուտ է ավարտվել, բիզնեսն էլ մեր սպասածի պես չի արձագանքել։ Սա լավ իրավիճակ չէ, բայց պետք է դուրս գանք։ Մենք մեր հաշվարկներն արել ենք, բայց նաև ակնկալում էինք, որ բիզնեսը պետք է որոշակի ազդակներ աներ և ՀԴՄ մոդելներ պետք է բերեին մեզ մոտ հավատարմագրելու։ Կար հանրային պահանջ, որ ՀԴՄ դաշտն ազատականացվի, հիմա ազատականացվել է։ Եթե ես հիմա գնում կատարեմ, կխաթարեմ իր բիզնեսը»,- ասաց նա։
Եթե ներկրել պատրաստվող ընկերությունը ՀԴՄ-ները ներկրի 80-120 հազար դրամով, այդ դեպքում պետությունը չի սուբսիդավորի։ Պետությունը սուբսիդավորում է միայն այն ՀԴՄ-ները, որոնք ՊԵԿ-ն էր տրամադրում, որոնց ինքնարժեքը 160 հազար դրամ էր, իսկ տնտեսվարողն այն ձեռք էր բերում 60 հազար դրամով :
Այս ընթացքում միայն մեկ ընկերություն է ՀԴՄ-ներ ներկրելու ցանկություն հայտնել: Իսկ ՊԵԿ-ի համապատասխան ՊՈԱԿ-ի ներկրած խմբաքանակը սպառվել է:
Այսինքն, նոր բիզնես սկսող տնտեսվարողները պետք է ՀԴՄ-ների նոր խմբաքանակին: Թե երբ դրանք կներկրվեն, հայտնի չէ, բայց եթե առանց դրանց գործունեություն ծավալեն, ՊԵԿ-ը կտուգանի։
« ՊԵԿ-ը չի ներկրում ՀԴՄ-ներ, հակված չեն նոր խմբաքանակ ձեռք բերելու»,-ասաց Դավիթ Անանյանը:
Ի դեպ, ՀԴՄ-ներ ներկրել պատրաստվող ընկերությունները դեռևս տարեսկզբին ահազանգել էին, որ ՊԵԿ-ը արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Անանյանը այս հարցին ի պատասխան ասաց, որ ՊԵԿ-ը որևէ խոչընդոտներ չի ստեղծել։ Եթե այդպիսի փաստեր կան, թող ներկայացնեն, այլապես դա, ըստ նրա, պարզ ու պրիմիտիվ հերյուրանք է։
«Եթե ինչ-որ մեկը կբերի փաստ, որ մենք խոչընդոտել ենք, ամենախիստ պատասխանատվության կենթարկվի ցանկացած պաշտոնյա՝ ինձնից սկսած մինչև այդ խոչընդոտը ստեղծողը»,- հավելեց նա։
Լրագրողների հարցին, թե կառավարության կոչով բիզնես բացել պատրաստվող ընկերությունները հիմա ինչ պետք է անեն, Անանյանը պատասխանեց. «Մենք դադար ենք տվել հիմա։ Եթե բիզնեսը էլի չարձագանքի, մենք ստիպած կգնանք ու գնում կանենք»։Իսկ Ժամկետների մասին նա հստակ ոչինչ չասաց։
ՊԵԿ նախագահը նշեց որ այս պահին կա մոտ 10 հազար հայտ-դիմումն, որը չեն կարողանում բավարարել և նոր սերնդի ՀԴՄ –ներ տրամադրում են միայն սահմանամերձ բնակավայրերին։

 

Արմինե Գևորդյան