Բավ է պառակտվել
24-06-2018 16:21

Պետությանը խոշոր վնաս պատճառելու գործով շոշափվում են Սերժ Սարգսյանի ազգականների անունները

Պետությանը մոտ 300 միլիոն դրամի վնաս պատճառելու կասկածանքով ՊԵԿ քննչական վարչությունում վարվող քրեական գործի շրջանակներում շոշափվում են Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի և վերջինիս որդու անունները:

Խոսքը վերաբերում է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են, ըստ ՊԵԿ-ի, Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: Ընդ որում, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ազատի Սարգսյանը, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է: Խորհուրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20 տոկոս բաժնետեր Գաբրիել Ջեմբերջյանը:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում և 2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Ընկերությունը այդ գումարները չի վճարել և գնացել է սնանկացման: Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:

ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ:

«Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ», - համաձայն ՀՀ ՊՔԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: