Բավ է պառակտվել
26-10-2016 10:33

Բիզնես վարելու համախառն գնահատականով՝ ՀՀ-ն առաջ է անցել ՌԴ-ից և Ադրբեջանից

Հայաստանը «Doing Business 2017» ամենամյա զեկույցում զբաղեցրել է 38–րդ տեղը ուսումնասիրության մեջ ներառված 190 երկրների շրջանում, հաղորդում է ՀԲ–ի հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում («Doing Business 2017») ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում)», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47կետով բարելավել է նաև իր՝ «Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի:

Նշվում է, որ բիզնես վարելու համախառն գնահատականով «Doing Business-2017» ուսումնասիրության մեջ առաջին հորիզոնականում է Նոր Զելանդիան, երկրորդը Սինգապուրն է, երրորդը` Դանիան, այնուհետև գալիս է Հոնկոնգը, Կորեայի Հանրապետությունը, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ն, Շվեդիան և Մակեդոնիան։

Տասը երկրներ հասել են լավագույն արդյունքների կառավարման բարելավման հարցում, այսինքն` դրանք այն երկրներն են, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացրել են շուրջ երեք բարեփոխում և բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում։

Այդ երկրների թվում են Բրունեյը, Ղազախստանը, Քենիան, Ինդոնեզիան, Սերբիան, Վրաստանը, Պակիստանը, ՄԱԷ–ն և Բահրեյնը։ Հետխորհրդային տարածքի երկրներից Էստոնիան զբաղեցրել է 12–րդ տեղը, Լատվիան 14–րդն է, Վրաստանը` 16, Լիտվան` 21, Ղազախստանը` 35, Բելառուսը` 37։

Միաժամանակ, Հայաստանն առաջ է անցնում Ռուսաստանից (40), Մոլդովայից (44), Ադրբեջանից (65), Ղրղըզստանից (75), Ուկրաինայից (80), Ուզբեկստանից (87) և Տաջիկստանից (128)։

Զեկույցում ներկայացվում են ուսումնասիրության տվյալները, որոնք հաստատում են այն փաստը, որ Doing Business–ում գրանցված բարձր ցուցանիշները կապված են եկամուտների անհավասարության ավելի ցածր մակարդակի հետ, այսպիսով`գրանցվում է ծայրահեղ աղքատության մակարդակի նվազում և ընդհանուր բարեկեցության աճ։

Ինչպես նշել է նախագծի ղեկավար Ռիգա Ռամալհոն, ուսումնասիրության հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ձեռնարկատիրական գործունեության համար հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում։

«Կարևոր է, որպեսզի այդ երկրների կառավարությունները մշտապես բարելավեն բիզնեսի վարման պայմանները, ապահովեն աշխատատեղեր, այս ամենը խրախուսվում է, և առաջիկա տարիներին մենք անհամբեր սպասում ենք նոր ձեռքբերումների արձանագրմանը», – նշել է նա։

Ուսումնասիրությունը գնահատում է ձեռնարկատիրության իրականացման հարմարավետությունը` տասը ցուցանիշների հիման վրա` ձեռնարկությունների գրանցման դյուրինություն, շինարարության թույլտվության ստացում, միացում էլեկտրացանցերին, վարկերի ստացում, մինորիտար ներդրողների իրավունքների պաշտպանություն, հարկերի վճարում, միջազգային առևտուր, պայմանագրերի կատարման ապահովում, սնանկության մասին որոշում։