Բավ է պառակտվել
08-11-2018 19:00

Հայասատանի փոքր ՀԷԿ-երի մեծամասնությունն աշխատել է կոպիտ խախտումներով

Հայաստանում գործող փոքր հիդրաէլեկտրակայանների (ՀԷԿ) ճնշող մեծամասնությունը երկար տարիներ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, սակայն Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք միջոցներ չեն ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ։ Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

Նման եզրակացություն է արել Գլխավոր դատախազությունը, որը, համադրելով առկա փաստերը, հարուցել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Գերատեսչությունում ասել են, որ դեռևս չեն կարող հաղորդել գործի մանրմասները, քանի որ այսօր, ժամը 14։00-ի դրությամբ դեռևս չեն ստացել քրեական գործի նյութերը գլխավոր դատախազությունից։

Ոլորտում գոյություն ունեցող չարաշահումները բացահայտել է վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում շահագործվող 184 ՀԷԿ-երից 143-ում տեղադրված չեն ջրաչափեր, ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին։ Բացի այդ, գետերի հուներում բացակայում են ձկնապաշտպան անցուղիներ, իսկ ջրառը մի քանի անգամ գերազանցում է թույլատրված չափաքանակները։ Այս բացահայտումների մասին վարչապետի պաշտոնակատարը հայտնել է նոյեմբերի 1-ին խորհրդարանում, բնութագրելով ոլորտը որպես “չարաշահումների հսկա տիրույթ”։

“Առկա է իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա և եկամուտ ստացվի, ինչն, ըստ էության, ոչ միայն ջրային բալանսի խախտման է բերում, այլև պետական եկամուտների կորստի, քանի որ եթե չկա ջրաչափ՝ անհայտ է, որքան ջուր է օգտագործվել: Ես էլ չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին”,- ասել է Նիկոլ Փաշինյանը: