Բավ է պառակտվել
14-10-2019 17:43

Չինաստանի ամենատարածված UnionPay վճարային համակարգը կգործի Հայաստանում

Չինաստանի UnionPay վճարային համակարգը կգործի Հայաստանում, ասել է երկուշաբթի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը 2019թ․8 ամսվա նախարարության աշխատանքի արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում։

“Հայաստանում տեղի է ունեցել հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է կարևոր հարց` Հայաստանում UnionPay համակարգի կիրառման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Դա էապես կբարձրացնի հանրապետությունում չինացի զբոսաշրջիկների գտնվելու հարմարավետությունն”, - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ սա Չինաստանի ամենատարածված վճարային համակարգն է և միակն է, որը չինացի զբոսաշրջիկները կարող են օգտագործել արտասահմանում:

“Երբ այս համակարգը սկսի գործել, Հայաստանում գտնվելիս նրանք ավելի քիչ սահմանափակումներ կունենան, ինչը կնպաստի այդ երկրից զբոսաշրջիկների այցելությունների աճին”,- ասել է Խաչատրյանը։

Պատասխանելով “ԱՌԿԱ”-ի թղթակցի հարցին նախարարը տեղեկացրել է, որ զբոսաշրջիներին գրավելու նպատակով Չինաստանում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, փառատոներ, որոնք կոչված են ծանոթացնել տեղի բնակչությանը հայկական մշակույթի հետ և դրդել նրանց այցելել Հայաստան։

UnionPay- ը Չինաստանի ազգային վճարային համակարգ է, որը հիմնադրվել է 2002 թ.-ին՝ որպես ՉԺՀ բանկերի ասոցիացիա: Ստեղծման նախաձեռնողներն են եղել Չինաստանի Պետական խորհուրդը և Ժողովրդական բանկը: UnionPay համակարգի օգտատերերը կարող են օգտվել վճարային համակարգի ծառայություններից աշխարհի 174 երկրում: