Էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կարող է բարձրանալ, կարող է պահպանվել նույն մակարդակում։ Այս մասին այսօր ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ սակագնի հնարավոր փոփոխությունը կապելով ատոմակայանի խնդրի հետ։ Վերջինս տեղեկացրեց,որ այս պահին քննարկում են ատոմային էլեկտրակայանի նորոգման հետ կապված հարցերը,
«Որոշակի ճշտման հարց կա, թե քանի օրով է ԱԷԿ-ը կանգնելու նորոգման, դրանից կախված արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա։ Մոտ օրերս ունենալով հաշվեկշիռը՝ կարող ենք վերջնական ասել։ Կարծում եմ՝ բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույն վիճակում պահենք։ Բայց այս հաշվարկները դեռևս նախնական են», - ասաց Գարեգին Բաղրամյանը։
Պաշտոնյան նշեց,որ 2020 թվականի հունվարից կսկսվի ատոմակայանի վերանորոգման և կյանքի ժամկետի երկարացման համար տրված վարկի մարումը, և այդ գումարը նույնպես ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:
Ըստ նրա վարկի մարումը բավական մեծ բացասական գործոն է այն առումով,որ լրացուցիչ մեծ ծախսեր են առաջ գալիս,բայց կախված նրանից, թե էժան էլեկտրաէներգիայի մուտք կունենանք թե ոչ։
Պաշտոնյան հրաժարվեց ասել՝ թանկացում կլինի՞, թե՞ ոչ։ Բաղրամյանը խոսեց նաև ջրի սակագնից։
«2018 թվականի գործող սակագներն են 191,4 դրամ, որի 11,4 դրամը պետությունը բյուջեից սուբսիդավորում էր, և բաժանորդները վճարում էին փաստացի գումարային 180 դրամ` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար: Իսկ 2020 թվականի հունվարի մեկից հանձնաժողովի կողմից արդեն սահմանվեց գումարային 180 դրամը, այսինքն՝ բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա»,-ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Բավ է պառակտվել