Բավ է պառակտվել
04-11-2019 17:11

Արդյո՞ք կբարձրանա գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը

«Վեոլիա Ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է։ Նոյեմբերի 7-ին կամփոփենք և հանրային քննարկում կկազմակերպենք, արդյունքները կներկայացնենք, լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում տեղի չի ունենա։ Գործող գինը 191.4 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից և հիմա հաստատվելու է առանց սուբսիդիա՝ 180 դրամ։ Սպառողի համար կմնա գործող գինը», - ասաց նա։

Անդրադառնալով գազի սակագնին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ որևէ նորություն այս առումով չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով նշեց,որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել:
Ինչ վերաբերում է ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ընթացակարգային առումով դա հնարավոր չէ:
«Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա, որովհետև եթե անգամ գնի բարձրացման կամ սակագնի վերանայման հայտ է ներկայացվում, գոյություն ունի հայտի ուսումնասիրության ժամկետ, և որոշում է կայացվում, որը ուժի մեջ է մտնում 30 օր հետո, այսինքն` հունվարի 1-ից չի կարող բարձրանալ»,- ասաց Բաղրամյանը:
Գարեգին Բաղրամյանը նաև նշեց, որ բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2026 թվականը:
Անդրադառնալով ներդրումներին Գարեգին Բաղրամյանը նշեց,որ Յուրաքանչյուր տարի որոշակի մարզերով, ամենախնդրահարույց հատվածների առաջնահերթությամբ, ներդրումներ են իրականացվում։
Հարցին՝ այս ընթացքում ո՞ր մարզերում են կոնկրետ ներդրումներ կատարվել, Բաղրամյանը դժվարացավ հստակ պատասխանել։

«Ամբողջ Հայաստանում են ներդրումներ սկսել», - նշեց Բաղրամյանը՝ միաժամանակ խոստանալով նյութերն ուսումնասիրելուց հետո կոնկրետ մարզերի անուններ հնչեցնել։

 

Արմինե Գևորգյան