Բավ է պառակտվել
06-07-2018 19:13

Որոշվել է սուբվենցիաների գծով 20,7մլն․ դրամ հատկացնել համայնքներին-ՀՀ վարչապետ

Վարչապետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին:
«Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ այլևս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ:

Կառավարությունը խրախուսելու է, որպեսզի անասնապահությունը զարգանա և գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ:

«Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից: Մենք պետք է որևէ չարաշահում բացառենք: Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի և ընթացք կստանա: Այսօր որևէ մեկը որևէ մեկի առաջ չի կարող որևէ պարտավորություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ և շարժվել առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը հանդիպումներ է ունեցել Եղեգնաձոր և Արենի համայնքների բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մարզեր այցերի նպատակն է հավաստիանալ, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում և իրեն համարում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը:

«Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք ուզում ենք, որ դուք վստահ լինեք, որ Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է: Եվ մենք միասին պետք է ստեղծենք նոր երկիր, նոր Հայաստան, որտեղ բարձրագույն սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, որն իրեն զգում է հպարտ, հաղթանակած, արժանապատիվ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը քայլ առ քայլ ժողովրդի հետ միասին վերակառուցելու է երկիրը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը:

«Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթել է և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել: Ովքեր նման փորձ կանեն՝ կստանան կառավարության և ժողովրդի արժանի հակահարվածը: Ժողովուրդ ջան, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համբուրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ և ես ուզում եմ դուք վստահ լինեք և համոզված, որ ձեր հաղթանակն այլընտրանք չունի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: