Բավ է պառակտվել
20-02-2020 16:19

Կառավարությունը քննարկում է Էներգախնայողության միջոցների տարբերակներ

Կառավարության հերթական նիստն այսօր մեկնարկեց համաձայնագրերի քննարկմամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միանգամից զեկուցեց առաջարկվող երեք համաձայնագրերի մասին:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին զեկուցելիս փոխվարչապետը նշեց, որ դրանով նախատեսվում է 5 մլն եվրո Սևանա լճի մաքրման, 3 և 7 մլն եվրո՝ էներգաարդյունավետության համար, ևս 17 մլն եվրո հատկացվել է Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Էներգախնայողությանն ուղղված ԵՄ աջակցությունն ուղղվելու է նրան, որ վարկերի տոկոսադրույքները զրոյացվեն։
«Էներգախնայողության թեման հանրության համար առավել հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա, որ երբ խոսք է գնում, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է․ «Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»։ Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտը լրջացնելու մասին է:
Այսօր մենք բոլորս մեր տների ջերմացման եւ հովացման համար ծախսում ենք X գումար: Այդ գումարը կարող է նվազեցվել, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության մեջ: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության մեջ ներդրում անելու պարագայում կծախսենք, ենթադրենք, 700 դրամ, եւ օրինակ էներգակիրների թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ընտանիքի ծախսերի վրա»,-ասաց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ արդեն իսկ Հայաստանի տարածքում 120-ից ավելի հանրային շենքերում էներգախնայողության ծրագրի կիրառման արդյունքում ծախսերը կրճատվել են 55-60 տոկոսի չափով: Նա հավելեց, որ եթե բազմաբնակարան շենքերում դա կիրառվի, մարդիկ զգալիորեն քիչ են վճարելու գազի ու էլեկտրաէներգիայի համար:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ ոչ միայն կարող են 2020 թվականը հայտարարել էներգախնայողության տարի, այլ դա միայն սկիզբն է, իսկ հաջորդ տարիներին այդ տեմպն ավելի է մեծանալու. «Այս պահին արդեն համայնքներից ունենք շուրջ 125 շենքերի էներգախնայող դարձնելու առաջարկներ»:

 

Արմինե Գևորգյան