Բա՛վ է պառակտվել
04-06-2019 17:44

Ներկայացվել են “Գազպրոմի” հետ Հայաստանի բանակցությունների մանրամասները

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ, Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Գարեգին Բաղրամյանը “Հրապարակ” թերթին տրված հարցազրույցում ներկայացրել է ռուսական “Գազպրոմ” ընկերության հետ բանակցությունների որոշ մանրամասներ։

Հայկական կողմից բանակցությունները համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնակցում են Էներգետիկայի նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները։

Բաղրամյանը զերծ է մնացել կողմերի կոնկրետ պահանջների մասին խոսելուց, նշելով, որ քննարկման առարկա է հանդիսանում, մասնավորապես, մինչև 2030 թվականը գազի մատակարարման սխեման, այսինքն՝ ներդրումների ամբողջ ծավալը, դրա հետ շաղկապված սակագները և հարակից հարցեր։

«Զուգահեռաբար ռուսական «Գազպրոմի» հետ քննարկվում է սահմանին գազի գնի ձևավորման կոնկրետ բանաձև ունենալու խնդիրը», - հավելել է Բաղրամյանը։

Խոսելով ներդրումների աղբյուրների մասին, նախկին նախարարը նշել է, որ «Գազպրոմ Արմենիան» կարող է միջոցներ գրավել ինչպես մայր կազմակերպությունից, այնպես էլ օգտվել վարկային ռեսուրսներից։

«Ներդրումմները կուղղվեն Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային ցանցի բարելավմանը և դրա շահագործման տևողության երկարաձգմանն»,-ասել է Բաղրամյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գնի վերաբերյալ գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2019թ․վերջն իսկ հիմա բանակցություններն ընթանում են 2020թ-ից սկսած՝ որոշակի ժամանակահատվածի համար սակագնային քաղաքականություն ունենալու նպատակով, ինչպես ներքին սպառողի այնպես էլ՝ ներմուծվող գազի համար։

Ներկայումս գործում է «Գազպրոմ Էքսպորտի» («Գազպրոմ» հոլդինգի կառույց) և«Գազպրոմ Արմենիայի» միջև ստորագրված պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որի համաձայն սահմանվում է Հայաստանի համար գազի գինը 2019 թվականին։

2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստանի սահմանին գազի գինը բարձրացրել է 150-ից մինչև 165 դոլար 1000 խմ-ի համար: Ինչպես հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, Հայաստանի ներքին սակագները կմնան նույնը: