Բավ է պառակտվել
12-10-2016 16:57

ՀՀ վարչապետ. ՀՀ-ում ՀԿԵ ծրագրերը մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը Հայաստանում` նշելով, որ իրականացվող ծրագրերը նպաստում են երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացմանը և մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը` համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Անդրեյ Ստարկովը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը, ընթացիկ աշխատանքները, ցուցանիշները և զարգացման ծրագրերը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է տարածաշրջանային ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու կյանքի կոչումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում հաղորդակցության և զբոսաշրջության զարգացմանը:

Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալի ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: