Բավ է պառակտվել
28-12-2018 17:47

Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի գազի շուրջ բանակցությունների մասին․“Ցայտնոտի մեջ ենք”

Ռուսաստանի և Հայաստանի միջև գազի վերաբերյալ բանակցությունները կարագացվեն, հայտնել է լրագրողներին Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով, այս հարցին անդրադարձ է եղել դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ “Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ դարձնել գազի հարցով խոսակցությունը, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք ակտիվ բանակցություններ չենք փաստել մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև”, – ասել է Պեսկովը։

Ըստ նրա, սահմանվել են այդ բանակցություններն ավարտելու որոշակի ժամկետները։ “Ժամկետներ կան, մենք ցայտնոտի մեջ ենք”։

Ավելի վաղ Gisher. News-ը գրել է, որ դեկտեմբերի 27-ին Պուտինի հետ հանդիպման արդյունքներով Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գնի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Երևանին և Մոսկվային կհաջողվի հասնել ցանկալի արդյունքի, համենայն դեպս՝ զերծ մնալ իրավիճակի անցանկալի զարգացումից։

Հայկական իշխանությունները բազմիցս ասել են, որ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ գազի գնի իջեցման շուրջ։ 2018 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ սահմանին գազը ստացել է 150 դոլարով 1 խ.մ. դիմաց (գինը 165 դոլարից իջեցվել է այս մակարդակի 2016թ.), իսկ սպառողների համար այն կազմում է 290 դոլար։

Բնական գազի մատակարարումը Հայաստան իրականացնում է “Գազպրոմի” դուստր ձեռնարկությունը՝ “Գազպրոմ Հայաստանը”։