Բավ է պառակտվել
11-10-2016 10:38

Նոր հարկային օրենսգրքով վերահսկողությունը դարձրել են առավել գործարարամետ. ՀՀ նախագահ

Հայաստանում առկա է գործարարության համար կարեւորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր: Այս մասին, հոկտեմբերի 10-ին, Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր ելույթում մասնավորապես, նշել է, որ Տարածաշրջանում եւ ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն եւ կանխատեսելի մակրոմիջավայր: Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:

«Մենք խստորեն հետեւելու ենք արդյունավետ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին:

Անխոս, հանձնառու ենք մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին եւ գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետեւել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին եւ հետեւել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր եւ այլ պետական ծառայություններ:

Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք շոշափելիորեն բարելավել նաեւ հարկային եւ մաքսային ոլորտները: Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին եւ ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն եւ կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ եւ ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն։ Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձեւից անցում է կատարելու խորհրդարանականին։ Այս նախաձեռնությունը նաեւ տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, եւ մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաեւ՝ տնտեսական առումով։

Ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այս նպատակով մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման եւ ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու եւ պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Բացի այդ, մենք լիազորել ենք նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամին` բոլոր հարցերում անվերապահ աջակցել օտարերկրյա ներդրողներին:

Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարեւոր բաղադրիչ: Հետեւաբար, պարտավորվում ենք ապահովել նաեւ պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Սիրով բոլորիդ սպասում ենք Հայաստանում»,-ընդգծել է ՀՀ նախագահը: