Բավ է պառակտվել
30-09-2019 20:26

Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կայցելի Հայաստան, որտեղ հոկտեմբերի 1-ին կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, տեղեկացվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

“Միջոցառման շրջանակներում կկայանան Ռուսաստանի ղեկավարի բանակցությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ”,- նշվել է հաղորդագրությունում։

Բացի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներց (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) նիստին հրավիրված են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես միությանը կից դիտորդ երկրի ղեկավար, ինչպես նաև պատվավոր հյուրեր՝ Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը։

Բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրացիոն պրոցեսների հետագա զարգացման հեռանկարային ուղիները, կուրվագծեն ԵվրԱզԵսի միասնական շուկայի գործունեության բարելավման և տնտեսության առանցքային ոլորտներում համագործակցության ընդլայնման խնդիրները։

Ղեկավարների կողմից հաստատման համար նախապատրաստվել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵվրԱզԵսի հաջորդ տարվա բյուջեն և տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում օրենսդրությունների ներդաշնակեցման մի շարք որոշումներ։

Կհամաձայնեցվեն նաև Միության 2020 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Բացի այդ, կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը ԵվրԱզԷՍ-ի և Սինգապուրի միջև: