Բավ է պառակտվել
06-10-2017 12:59

Կարևոր է զարգացնել ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսությունը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ-ռուսական 6-րդ միջտարածաշրջանային համաժողովի և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր խոսքում ընդգծել է ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսության զարգացման կարևորությունը:
« Հարկավոր է հագեցնել այն (երկխոսությունը) համատեղ նախագծերով, մշտապես բարձրացնել գործնական փոխազդեցության մակարդակը: Այդ աշխատանքում կարևոր է վայելում ձեր հանդիպումների միավորող, ստեղծագործական պոտենցյալը»,- ասված է ուղերձում:
Պուտինը նշել է, որ ակնկալում է արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի մանրամասն քննարկում:
«Ակնկալում եմ, որ դուք կհանգեք կոնկրետ առաջարկների, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխվստահության, փոխըմբռնման և բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է ՌԴ նախագահը:
Ուրբաթ օրը Երևանում մեկնարկած համաժողովի աշխատանքներում մասնակցություն են ունենում Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների, գործարար շրջանակների, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ:
Տվյալ միջոցառման նպատակը ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ և այլ միությունների բիզնես համայնքների միջև երկկողմանի և բազմակողմանի, մշտապես գործող տեղեկատվական և բանակցային հարթակ ստեղծելն է:
Համաժողովն անց է կացվում երկրորդ տարին անընդմեջ՝ Եվրասիական տնտեսական կոմիտեի, ՀՀ կառավարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ջանքերով (համաժողովի օպերատոր՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամ):
Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը (ԵԳՄՀ) տեղի է ունեցել Երևանում՝ 2016թ. հոկտեմբերի 13-ից 16-ը: համաժողովին մասնակցություն են ունեցել 37 երկրի մոտ 800 ներկայացուցիչ: Միջոցառումն անցել է բարձր մակարդակի վրա: Նիստերին, գործնական հանդիպումներին և քննարկումներին մասնակցություն է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: