Բավ է պառակտվել
14-04-2020 14:17

Նոր ծրագիր է մշակվում կոմունալների վճարման համար․Զարուհի Բաթոյան


Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այս պահին էլ քննարկումները ընթանում են նաև օնլայն հարթակում: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշեց, որ կառավարությունում քննարկում են հակաճգնաժամային միջոցառումների 12-րդ ծրագիրը, որը դարձյալ վերաբերելու է կոմունալների վճարմանը:
Նշենք, որ կառավարության աջակցության 11-րդ միջոցառման շրջանակներում, որով 50 տոկոս փոխհատուցում են ստանալու մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5000 դրամ էլեկներգիա սպառած քաղաքացիները, հայտարարվեց, որ 220 հազար ընտանիք կա։ Հարցին՝ արդյոք ուռճացված չէ այդ թիվը, Բաթոյանը նշեց, որ այդ տվյալները կառավարությանը տրամադրել է լիազոր մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«Բաժանորդների գերակշիռ մասը այն ոլորտերից են, որոնք շարունակում են աշխատել՝ կրթություն, առողջապահություն և այլն։ Այսինքն՝ նրանց մասով իրավիճակը խնդրահարույց չէ, իսկ չաշխատողների մասով իրավիճակը ֆորսմաժորային է, և անջատումներ չեն լինի»։
Նախարարը հակիրճ ևս մեկ անգամ ներկայացրեց այս պահին կառավարության կողմից հաստատված 11 ծրագրերը և դրանցից օգտվելու կարգը:
«Այս պահին հաստատվել է 11 ծրագիր՝ 5-ը տնտեսական բլոկին է վերաբերում, 6-ը սոցիալական ծրագրեր են: Ծրագրերից 4-րդը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատանքից ազատված մայրերին, 6-րդը մասնավոր սեկտորում աշխատանքից ազատվածներին է վերաբերում, 7-րդը՝ հղի կանանց, որ չեն աշխատում և նաև ամուսինը չի աշխատում, 8-րդը տուժած ոլորտների աշխատակիցների համար է, որոնք դեռ գրանցված են, բայց աշխատանքի չեն հաճախում ստեղծված իրավիճակից ելնելով, 9-րդը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում և 11-րդը երեկ է հաստատվել կառավարության կողմից, և վերաբերում է բնական գազի և էլեկտրաէներգիայի վճարներին: Այս ծրագրից շուրջ 220 000 բաժանորդ կօգտվի»,- ասաց նախարարը:
Վերջինս ներկայացրեց ծրագրերի իրականացման մանրամասները: Մասնավորապես, 4-րդ ծրագրով, որով փոխհատուցման չափը 100 000 դրամ է, ընթացքի մեջ է: Ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները և տեսնել՝ շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ: Հանդիսանալու դեպքում վճարումներն իրականացվում է բանկում:
6-րդ ծրագրով ևս փոխանցումները իրականացված են: Շահառուների թիվը 6 723-ն է:
4-րդ միջոցառման շահառուների ցանկը, որը վերաբերում է հղի կանանց, թարմացվում է, 7-րդ ծրագրի շրջանակը ընդլայնվել է և այստեղ ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, որ չեն աշխատում և որոնց ամուսինը ազատված է աշխատանքից, այլ նաև նրանք, ում ամուսինը չի աշխատել մարտի 30-ի դրությամբ: Ծրագրի շահառու հանդիսանում է 5957 քաղաքացի, բայց ցանկը նորից թարմացվում է:

 

 

Արմինե Գևերգյան