Բավ է պառակտվել
07-11-2016 12:32

«Գազպրոմն» իր վրա կվերցնի ՀՀ-ում գազի սակագնի նվազեցման ֆինանսավորման ռիսկերը

Ռուսական «Գազպրոմն» իր վրա կվերցնի Հայաստանում գազի սակագների նվազեցման ֆինանսավորման հետ կապված ռսիկերը, երկուշաբթի Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով, հայկական կարգավորիչը մինչև նոյեմբերի վերջը նախատեսում է վերանայել գազի սակագինը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն 2017 թ.-ի հունվարից և կգործի մեկ տարի:

«Բացի այդ, կներդվի սպառողների նոր խումբ` սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց համար սակագները շատ ավելի ցածր կլինեն, քան մնացած սպառողների դեպքում», - ասաց Նազարյանը:

Անդրադառնալով գազի սակագների նվազման հիմքերին, նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է մի քանի պատճառ, որոնց թվում է Վրաստանի տարածքով գազի տարանցման սակագնի հնարավոր նվազումը, բիզնեսին և բնակչության սոցիալապես անապահով շերտերին տրամադրվող արտոնությունները, ինչը թույլ կտա ապահովել սպառման լրացուցիչ ծավալներ և կհանգեցնի ընկերության լրացուցիչ հասույթի:

ՀԾԿՀ նախագահի խոսքով, ընկերությունը նաև նշում է, որ իրականացրել է ֆինանսական պարտավորությունների հիմնական մասը, ինչի հաշվին լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, ինչպես նաև օպտիմալացում կանցկացնի` արդյունքում ուղղելով տնտեսված գումարները այդ նպատակների իրականացմանը:

«Բացի այդ, ամենագլխավոր աղբյուրն այն է, որ ռուսական «Գազպրոմը» խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը և պատրաստ է սուբսիդավորել անհրաժեշտ մասը, եթե ֆինանսական ռոսուրսները չբավականացնեն` բոլոր հնարավոր ռիսկերը բացառելու և սակագնի ցածր մակարդակը պահպանելու համար: Ընդ որում, սակագնի նվազումը չի ֆինանսավորվելու Հայաստանի պետական բյուջեից», - ընդգծեց Նազարյանը:

Այժմ 10 հազար խորանարդից պակաս գազ օգտագործող հայ բաժանորդների համար սակագինը կազմում է 146,7 հազար դրամ 1 հազար խորանարդի դիմաց, իսկ 10 հազար խորանարդից ավել օգտագործողների համար` 257,56 պայմանական միավոր 1 հազար խորանարդ գազի դիմաց: