Բավ է պառակտվել
15-01-2022 11:23

Հայաստանում գնաճը գերազանցել է աշխատավարձերի աճը․ Picodi վարկանիշ

Picodi.com-ի վերլուծաբանները ստուգել են, թե ինչպես է փոխվել նվազագույն աշխատավարձը աշխարհի 64 երկրում, և արդյոք այս գումարը բավարա՞ր է այդ երկրներում կյանքի նվազագույն հարմարավետություն ապահովելու համար։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանում աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի փոխվել, մինչդեռ Ուզբեկստանում նվազագույն աշխատավարձն աճել է 21%-ով, Ադրբեջանում՝ 18,8%-ով, Բելառուսում՝ 14,3%-ով, իսկ Ուկրաինայում՝ 8,3%-ով։

«Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գնաճը գերազանցել են աշխատավարձի աճն, իսկ լոկ գոյատևումն ապահովող սննդամթերքի ծախսերը, կազմում են Հայաստանում նվազագույն աշխատավարձի 71%-ը», - ասվում է վարկանիշում։

Ներկայում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 2021 թվականի հունիսին գնաճի պատճառով արդեն հասել է 70 հազար դրամի։

Ինչպես նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) զեկույցում, Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 7,7% ($1 – 480,83 դրամ)։