Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները չեն կարող ազդեցություն ունենալ էներգետիկ ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության վրա, չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքերով, Վաշինգտոնում հասկանում են, որ Երևանն այլընտրանք չունի։
“Մի քանի օր առաջ հանդիպել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել ենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում ստեղծված իրավիճակը և նշել ենք, որ Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը պահպանվել և ամրապնդվել է նույնիսկ նախորդ (ԱՄՆ) պատժամիջոցների ժամանակ”,- ասել է նա։
Բաղրամյանն ընդգծել է, որ Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն անհրաժեշտ է Հայաստանին համակարգում էներգետիկ հաշվեկշռի պահպանման և հայկական ատոմակայանի անխափան աշխատանքն ապահովելու համար։
“Իրանի հետ էլեկտրահաղորդման գծերն անչափ կարևոր են մեզ համար, և ամերիկյան կողմը գիտակցում է, որ հայ-իրանական համագործակցության հետ կապված ոչ մի խնդիր չի կարող լինել”,-ասել է նա։
Հայաստանի և Իրանի միջև կառուցվում է 400 կՎ լարվածությամբ նոր, երրորդ բարձրավոլտ ԷՀԳ-ն (ֆինանսավորվում է ԻԻՀ կառավարության կողմից), որը թույլ կտա երեք անգամ մեծացնել (ներկայիս 350ՄՎտ-ից) Հայասատանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման թողունակությունը։
2018թ․ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ն ամբողջ ծավալով վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հանվել էին 2016թ․իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանն (ԳՀՀՊ) ընդունելուց հետո։
Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է համաձայնագրից ԱՄՆ, մինչ այդ նա բազմիցս քննադատել է միջուկային գործարքը։ Ամերիկայի նախագահը խոստացել է ոչ միայն վերականգնել, այլև նոր պատժամիջոցներ ընդունել Իրանի նկատմամբ։