Բավ է պառակտվել
30-06-2022 19:03

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանել է, թե ինչպես են ադրբեջանական բեռներն անցնելու Հայաստանի Հանրապետության տարածքով

Հայաստանի տարածքով ադրբեջանական բեռների տարանցման ժամանակ անպայման կիրականացվի սահմանային հսկողություն և ստուգում։ Այս մասին հինգշաբթի կառավարության ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ բացառվում է։ Երբ մենք հայտարարում ենք դիրքորոշումների մերձեցման մասին, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել բացառապես այն տրամաբանության մեջ, որ սահմանային հսկողություն է իրականացվելու։ Արտատարածքային միջանցքի հարց մեր կողմից երբևէ չի քննարկվել»,- ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը քննարկվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում։ Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ քննարկվում է միջանցքի հարց, սակայն ավելի վաղ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գտնվելով Երեւանում, ասել էր, որ ճանապարհը միջանցքային տրամաբանությամբ չի քննարկվում։

«Նույնը եղավ Բրյուսելից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, թե իբր քննարկվում է միջանցքը, իսկ Եվրախորհրդի նախագահ Միշելը պաշտոնապես հայտարարեց, որ միջանցքը երբեք չի քննարկվել»,- ասաց Գրիգորյանը։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերում։ Իսկ «Իզվեստիան» գրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության օգնությամբ պայմանավորվել են Սյունիքի մարզով մայրուղու շուրջ։

Եռակողմ խմբի մասին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է այս երկրների միջև 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում։

Նրա գործառույթները ներառում են Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագրի մշակումն ու իրականացումը։ Խոսքը, մասնավորապես, սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղիային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ երթևեկության մասին է։