Բավ է պառակտվել
20-04-2017 11:22

Forbes. վեց հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 6 գործարար։

 

«Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է վարկանիշի 18–րդ տեղը, նրա ունեցվածքը գնահատվել է 6,8 մլրդ դոլար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32–րդն է, նրա ունեցվածքը գնահատվում է 3,4 մլրդ դոլար։ Վարկանիշի 48–րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների նախագահ Դանիլ Խաչատուրովը` 2 մլրդ դոլար։

 

Ռուսական սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է 99–րդ հորիզոնականը, նրա ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար, իսկ ցանկի 123–րդ տեղում է Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը, ում ունեցվածքը գնահատվում է 800 մլն դոլար։

 

«ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը, ում ունեցվածքը գնահատվել է 700 մլն դոլար, զբաղեցրել է վարկանիշի 147–րդ հորիզոնականը։

200 ամենահարուստ գործարարների համախառն ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 100 մլրդ դոլարով` մինչև 460 մլրդ դոլար։ Դոլարային միլիարդատերերի թիվն ավելացել է` 77–ից հասնելով 96–ի։ Հատման շեմը ևս աճել է` նախորդ տարի գրանցված 350 մլն դոլարից հասնելով 500 մլն դոլարի։

Forbes–ի ցանկում ներառվելու «մուտքի տոմսը» երբևիցե այսքան թանկ չի արժեցել։ Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվելու համար գործարարը պետք է ունենա 12,4 մլրդ դոլար, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 8,7 մլրդ դոլար։

Ցանկը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն գազ արդյունահանող մասնավոր ընկերության` «Նովատեկի» համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը։ Նրա ունեցվածքը Forbes–ը գնահատել է 18,4 մլրդ դոլար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սեվերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, նրա ունեցվածքը գնահատվել է 17,5 մլրդ դոլար։ Երրորդը Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինն է, ում ունեցվածքը գնահատվում է 16,1 մլրդ դոլար։