Բավ է պառակտվել
14-07-2018 21:52

Շիրակում այսօր գյուղացուն հուզող հիմնական հարցը ոռոգման ջուրն է

Շիրակի մարզի համայնքապետերը իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին մարզխորհրդի հերթական նիստում: Հիմա գյուղացուն հուզող հարցը ոռոգման ջուրն է, որը մի քանի համայնքներում լուրջ խնդիր է: Ոռոգման համակարգին մոտ գտնվող գյուղերը շահում են ծայրամասում գտնվողները տուժում․ վեջիններիս կա՛մ ջուր չի հասնում, կա՛մ էլ ստիպված են գիշերային ժամերին ոռոգել:

Ջրօգտագործողների ընկերության Շիրակի մասնաճյուղի տնօրեն Ռուստամ Գրիգորյանը հայտարարեց, որ շատ համայնքներում իրենք ջրի բաշխում իրականացնող աշխատակիցներ չունեն:

Մարզպետ Կարեն Սարուխանյանին տեղեկություն էր հասել որ ջրբաշները ոռոգման ջուրը բաց են թողնում որոշակի գումարի դիմաց: Մարզպետը համայնքապետերին հորդորեց ուշադիր լինել, նման փաստեր թույլ չտալ։

Ի դեպ, ոռոգման ցանցի քայքայվածության պատճառով օրինակ Մանթաշի ջրամբարից բաց թողնված ոռոգման ջրի ընդամենը 30 տոկոսն է տեղ հասնում: Նույն Մանթաշի ջրամբարից նաև Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքների խմելու ջուրն է ապահովվում: Գեղանիստի համայնքապետ Աղասի Ղազարյանը մարզպետին ներկայացրեց, թե խմելու ջուրն ինչպես է հասնում իրենց համայնք։ ֊ «Շատ վատ է ջրի վիճակը, բայց ստիպված յոլա ենք գնում», ֊ պատմեց նա։

Գյուղապետերին հետաքրքրում էր նաև, թե արդյոք նոր կառավարությունը կվերսկսի գյուղացիներին ցորենի սերմացուի տրամադրման սուբսիդավորումը, թե ոչ: Մարզպետն ասաց՝ այս պահին սպասում են։

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանին էլ մտահոգել է հացահատիկի գինը․ մթերման սեզոնին այն ընկնում է, այնինչ մթերողները քառակի անգամ են շահում: Մարզպետին խնդրեց զբաղվել այդ հարցով։

Հարկերի ու տուրքերի հավաքագրման ցուցանիշներին անդրադաձան․ որոշ պարտաճանաչ համայնքներում, պարզվեց, ցուցանիշն անկում է ապրել: Սա համայնքի ղեկավարները պայմանավորեցին գյուղացիների սոցիալական վիճակով: Խոպանչիներն ուշ են գնացել, գումարներն ուշանում են: Մարզպետ Կարեն Սարուխանյանը մեկ առ մեկ համայնքների ղեկավարներից փորձում էր ճշտել, թե ինչն է պատճառը ու 1 ամիս ժամանակ տվեց. ֊ «Ցուցանիշները բարելավում եք։ Խոստանում ե՞ք»։

Եվ, թերևս, մարզխորհրդի ամենադրական տեղեկությունը հայտնեց մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարպետյանը. այս տարի աշակերտների թվի աճ է սպասվում շուրջ 1500֊ով։ Այս հայտարարությունը դահլիճում ծափերով ընդունվեց, քանի որ վերջին տարիներին անընդմեջ անկում է արձանագրվել: