Բավ է պառակտվել
17-05-2021 15:49

ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ կընդունի Դուշանբեում

Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը կքննարկի միջազգային իրավիճակը Կազմակերպության պատասխանատվության գոտում և հանդես կգա մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններով, հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։

ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն կկայանա մայիսի 19-ին առկա ձևաչափով Տաջիկստանի ԱԳՆ ղեկավար Սիրոջիդին Մուխրիդդինի նախագահությամբ։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակն ու զարգացման հեռանկարները և դրա ազդեցությունը Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա։

Սպասվում է, որ ՀԱՊԿ-ը կընդունի մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի համագործակցության, ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-III) երկարաձգման և Նյուրենբերգում Միջազգային զինվորական տրիբունալի դատավճռի կայացման 75-ամյակի վերաբերյալ։

Կքննարկվեն նաև Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2021թ․ երկրորդ և 2022թ․ առաջին կիսամյակների խորհրդակցությունների պլանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 30-ամյակին ու ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակին նվիրված միջացառումների պլանը։

Ակնկալվում է, որ նախքան ԱԳՆԽ նիստը նախարարներին կընդունի ՀԱՊԿ խորհրդի նախագահ, Տաջիստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում: 2002 թ. մայիսի 14-ին, Մոսկվայում կայացած նիստում, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց ՀԱՊ անդամ պետությունների միջև համագործակցության մեխանիզմներն ու կառուցվածքները միջազգային տարածաշրջանային կազմակերպության` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերափոխելու մասին: 2003-ի սեպտեմբերի 18-ին ուժի մեջ մտավ ՀԱՊԿ կանոնադրությունը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղըրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը, որը 2021 թվականին նախագահում է Կազմակերպությունը: