Բավ է պառակտվել
03-12-2018 14:19

ԱԱԾ-ն բացահայտել է մի շարք խոշոր կոռուպցիոն հանցագործույթյուններ, այդ թվում ՝ ԱԷԿ-ում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մի շարք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, այդ թվում ՝ Հայաստանի ԱԷԿ-ում։

Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է ԱԱԾ մամլո ծառայությունը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում ԱԱԾ-ն բացահայտել է հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր։

Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ են ձևակերպել։

“Արդյունքում ուռճացրել ապրանքների իրական գները։ Օրինակ՝ շուրջ 7 մլն դրամ շուրջ $14,4 հազ.) արժեքով պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն դրամ (շուրջ $68 հազ.)”,- նշվել է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն և ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:

ԱԱԾ օպերատիվ ենթաբաժիններից ստացված տվյալների հիման վրա հարուցված մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ “Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա” պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի տնօրենը 2012-2017թ․թ․ կազմակերպության հատկացված միջոցներից 121 մլն․ դրամ (շուրջ $249 հազ․) է փոխանցել իր իսկ կողմից գլխավորած հասարակական կազմակերպությանը, ինչից հետո յուրացրել է այդ գումարները։

“Բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով 2015թ․միջազգային հիմնադրամից փոխանցվել է 3 մլն դրամ (շուրջ $45,4 հազ.) իր գլխավորած հասարակական կազմակերպությանը, որը նա նույնպես յուրացրել է, ձևակերպելով կեղծ հաշիվ ապրանքագրեր, իբր փառատոնի մասնակիցների հյուրանոցային ծախսերը վճարելու համար”,- ասվել է մամլո հաղորդագրության մեջ։

ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահումների և առավել խոշոր չափերով՝ տասնյակ միլիոն դրամ, անօրինական յուրացումների դեպքեր տարբեր մարզերի համայնքապետարանների աշխատակիցների և նրանց հետ կապակցված ընկերությունների կողմից։

Մասնավորապես պարզվել է, որ նշված անձինք համայնքային բյուջեներից աշխատավարձեր են վճարել մարդկանց, ովքեր երկար ժամանակ աշխատանքի չեն հաճախել, ինչպես նաև գումարներ են դուրս գրել իբր բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար։ Միջոցներ են հատկացվել նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով։ Բացի այդ, խախտելով ընդունված կարգն, իրենց մտերիմներին հատկացրել են շինարարություն կատարելու թույլտվություններ, շուկայականից զգալիորեն ցածր գնով օտարել կամ վարձակալության են հանձնել համայնքներին պատկանող անշարժ գույք և հողատարածքներ։
Նշված փաստերով հարուցվել է 10 քրեական գործ, որոնք ուղարկվել են համապատասխան ստորաբաժանումներ՝ նախաքննությունը շարունակելու համար։
ԱԱԾ-ն կրկին նախազգուշացնում է, որ բյուջետային միջոցների ճիշտ օգտագործման գործընթացը մշտապես գտնվում է օպերատիվ հսկողության տակ, և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները չարաշահումների և միջոցների յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար։