Բավ է պառակտվել
04-05-2016 13:15

Գազի սակագնի իջեցումը բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի գնի իջեցմանը, նշեց, որ ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա, իսկ ազդեցության ծավալը կամ մակարդակը կախված է իջեցման չափից:

«Գազի սակագնի իջեցումը նաև բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, դա էլ իր հերթին կբերի ինքնարժեքի նվազեցմանը և մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ասաց նա և բնական համարեց, որ այն ապրանքների գների վրա նույնպես ազդեցություն կունենա:

«Եթե խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի և շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի գների որոշակի իջեցման»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, որոնց արդյունքները կփոխանցի մյուս գերատեսչություններին և իրավասու մարմիններին, որպեսզի տնտեսության մեջ ընտրեն այնպիսի թիրախներ, որոնք կապահովեն այդ իջեցումից առավելագույն ելքային արդյունք թե՛ աշխատատեղերի, թե՛ թողարկվող ապրանքների ստեղծման ուղղությամբ:

Նախարարը նշեց, որ գազի գին ձևավորողը «Գազմպրոմ Արմենիան» չէ , նա գազի գին առաջարկող օպերատորն է, իսկ գազի գնի ձևավորման ամբողջական մեխանիզմը գտնվում է մեր երկրում, և դա Հանրայի ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: «Մենք այս ոլորտում և առհասարակ մեր տնտեսության մեջ կարիք ունենք տեխնոլոգիական փոփոխությունների: Քանի դեռ տեխնոլոգիական փոփոխությունները չեն իրականացվել, մենք չենք կարող էժան ապրանքի մասին խոսել, սա սկզբունքային հարց է»,- հավելեց նա: