Բավ է պառակտվել
01-03-2021 09:54

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

2021 թ․ մարտի 1-ից լիարժեքորեն ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ 2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։ Այն նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։

ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

«Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության ամրապնդումը և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության և կենսակերպի վրա»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին։

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 2018թ ապրիլի 11-ին։ Հայաստանն առաջին ԵԱՏՄ անդամ պետությունն է, որը նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ հետ։

Գերմանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը
Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների շուրջ 80%-ն արդեն իրագործվում է․ՀՀ արտգործնախարար
«Մարտի 1»-ի գործով այս տարվա առաջին դատական նիստն անցավ լարված մթնոլորտում
ԱՄՆ-ն կտրամադրի Հայաստանին 1,1մլն․դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար