Բավ է պառակտվել
15-06-2022 12:56

ՊՄՏՀ շրջանակներում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Հայաստան նորանշանակ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Բոսնիա և Հերցեգովինայի (ԲևՀ )նախագահության սերբ ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո (հունիսի 17-ին) նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ, հանդիպում Հայաստանինորանշանակ նախագահ Խաչատուրյանի հետ։ Նաև Պուտինը կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին։ Պուտինն արդեն մի քանի հանդիպում է ունեցել նրա հետ Սանկտ Պետերբուրգի համաժողովի ընթացքում»,- ասել է Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Խաչատուրյանը «Հայաստանի նորանշանակ նախագահն է, նրա երդմնակալությունը կայացել է մարտի 13-ին»։ «Պուտինը կհանդիպի նրա հետ, սա կլինի նրանց առաջին հանդիպումն»,- ընդգծել է նա։

Ըստ Ուշակովի, Պուտինը նախատեսում է հունիսի 17-ին ամբողջ օրն անցկացնել համաժողովում, «սկզբում կլինի լիագումար նիստ, ապա երկկողմ հանդիպումներ», իսկ հետո հանդիպում խոշորագույն լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Երկրի ղեկավարի օգնականն ընդհանուր առմամբ նշել է. «Ինչ վերաբերում է օտարերկրացիների հետ նախագահի հանդիպումներին, ապա ասեմ, որ չնայած ստեղծված իրավիճակին, այդ շփումների գրաֆիկը շատ և շատ հագեցած է»։

Համաժողովի ծրագիրը
Ուշակովը հիշեցրել է, որ այս տարի համաժողովն անցկացվում է «Նոր աշխարհ՝ նոր հնարավորություններ» կարգախոսով։ Նրա խոսքով, միջոցառումները խմբավորված են չորս հիմնական թեմատիկ բլոկների մեջ. «Նոր տնտեսական կարգ. արձագանքելով ժամանակի մարտահրավերներին»; «Ռուսաստանի տնտեսություն. նոր խնդիրներ և հորիզոններ»; «Ժամանակակից տեխնոլոգիաներ մարդկության համար. ստեղծելով պատասխանատու ապագա»; «Զարգացման մեջ ներդրումներ կատարելը մարդկանց մեջ ներդրումներ կատարելն է»։

Համաժողովի գլխավոր հյուրն, ըստ Ուշակովի, Եգիպտոսն է։ «Ժամանում է եգիպտացի պաշտոնյաներից և գործարարներից կազմված սոլիդ պատվիրակություն, որը կգլխավորի Առևտրի և արդյունաբերության նախարար Նևին Գամիան»,- ասել է նա։

«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք համաժողովի մասին՝ բիզնես ծրագիրը շատ-շատ հարուստ է, այն նախատեսում է ավելի քան 130 միջոցառում՝ 700 բանախոսի մասնակցությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։