Բավ է պառակտվել
10-06-2020 13:51

Մետրոյի նոր կայանի կառուցում, տեղական ավիափոխադրող՝ իրականություն թե՞ երազանք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ մետրոյի նոր կայարանի կառուցմանը:
Պապիկյանը նշեց, որ նախորդ տարվա բյուջեում մետրոյի կառուցման մասին խոսք չի եղել, այս տարվա բյուջեում նույնպես դրա կառուցման մասին տող չկա, բայց քայլեր են ձեռնարկվում տարբեր միջոցներով նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ:
«Դա կլինի կա՛մ Կառավարության հավելյալ միջոցներով, կամ՝ մասնավոր ներդրմամբ: Այսինքն՝ ունենք երկու քննարկվող հարց: Ընթացիկ տարվա մեջ պարզ կլինի՝ որ ճանապարհով ենք գնում»,- նշեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանը նշեց, որ Երևանի մետրոյով փոքրիկ գետ է հոսում: եվ ուսումնասիրության ընթացքում տարբեր խնդիիրներ են ի հայտ եկել:
Մասնավորապես Երևան քաղաքի ընդերքում առաջացած ջրային պաշարների հետ կապված: Ըստ նախարարի բավական մեծ քանակությամբ ջրի մասին է խոսքը:
«Խնդրի նախագծային լուծումն արդեն տրված է, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, շինարարական ընկերությունը շինաշխատանքներ չի իրականացնում»,֊ ասաց Պապիկյանը:
Նախարարը հիշեցրեց, որ մետրոպոլիտենի վերանորոգման ծրագրի կապալառուն իսպանական ընկերություն է, որն այժմ չի աշխատում: Որոշ աշխատանքներ է իրականացնում միայն տեղական կապալառու մեկ այլ ընկերություն:
Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքները հնարավոր կլինի ավարտել:
Պապիկյանը խոսեց նաև ավիացիայի ոլորտից,ասաց որ այն աննախադեպ էր:
«Մենք հնարավորություն ենք ստացել ապահովել եվրոպական մի քանի ավիաուղիների մուտքը Հայաստան և մատչելի ուղետոմսով ապահովել մեր քաղաքացիների ելքը դեպի եվրոպական երկրներ»,֊ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով Հայաստանում հավաստագրված ավիաընկերությունների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում հայտնվելու հանգամանքին՝ նախարարը նշեց, որ այդ խնդիրը մեկ օրում չէ, որ առաջացել է և ամենևին 2019-ի արգասիքը չէ:
«Իհարկե, այդ մասով մտահոգություն կա, և եթե հնարավոր լիներ խուսափել, լավ կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մեր երկրում նախկինում արված ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:
Նա հայտարարեց, որ Կառավարության տեսլականն է՝ ամեն ինչ անել տեղական ավիափոխադրող և սեփական ավիացիա ունենալու համար: «Խոսքն իրական, ոչ թե արհեստական ավիափոխադրողների մասին է: Կարծում եմ՝ երկու տարում հնարավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց նախարարը:

 

 

Արմինե Գևորգյան