Բավ է պառակտվել
09-07-2019 10:29

Սյունիքն ունի փայլուն տվյալներ համալիր զարգանալու համար - Արմեն Սարգսյան

 

«Ինձ համար սա այց չէր, դա նման է նրան, որ գալիս ես տուն ու սկսում ես ամփոփել ինքդ քեզ»։ Այսպես մեկնաբանեց նախագահ Արմեն Սարգսյանը սյունիքյան իր այցելությունը:
«Երեք տարբեր տեղ Մեղրի, Կապան, Գորիս, կարծես թե, նույն ժողովուրդն են Սյունիքի, շատ տարբեր են իրարից և գեղեցիկ»,- գնահատականը նախագահ Արմեն Սարգսյանին է: Իսկ այցը բավական հագեցած օրակարգով էր: Այց մարտական դիրքեր,Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ, Մեղրու ազատ տնտեսական առևտրի գոտի, իսկ երկրորդ օրը արդեն , մշակությային այցեր: Նախ այցելություն Քարահունջ, որտեղ արդեն հինգերորդ տարին անցկացվում է «Թթի փառատոն»: Այս գողտրիկ վայրում միախառնվել էր հայկական երգն ու պարը , յուրաքանչյուր սեղան գովերգում էր իր թթի օղին ու թթով պատրաստված ուտեստները, իսկ ոմանք էլ նախագահին հրավիրեցին շուրջպարի։

 
Հետո արդեն Քարահունջի մշակույթի պալատում նախագահը հանդիպեց բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ, որի ձևաչափը հարց ու պատասխանի ձևով էր, Քարահունջի բնակիչներից մեկը նախագահից հետաքրքրվեց՝ արդյոք իր լիազորությունների շրջանակում կարողանո՞ւմ է ինչ որ քայլեր ձեռնարկել և հարմար է զգում այս կարգավիճակում, երբ Սահմանադրությամբ լիազորությունները սահմանափակ են։
Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ իր կարծիքով իր լիազորությունների շրջանակներում շատ բան է կարողանում անել՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի՝ անհատն է, որ այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք.
 «Ես աշխատում եմ սահմանադրության սահմաններում, ոչ դուրս։ Եվ պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել, կարծում եմ, շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք կամ հակառակը ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասել է Սարգսյանը։

 
 Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չի մտածել թե ինչ լծակ ունես՝ կարևորը նպատակին հասնես։ «Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ՝ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծել է նախագահը։
Քարահունջից մեկ այլ մշակութային միջացառում, այս անգամ մեծ գրող Ակսել Բակունցի անվան տուն թանգարան: Այստեղ Գորիսի երաժշտական դպրոցի սաները էին նախագահին պատրաստել անակնկալ ՝ նրան դիմավորեցին գեղեցիկ երաժշտական կատարումներով ,նախագահն էլ անմասն չմնաց ու սկսեց ձայնակցել վերջիններիս հետ:
Հաջորդ կանգառը արդեն Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնն էր : 6 տարի առաջ բացված այս կենտրոնը նպաստել է, որ հարյուրավոր մարդկային կյանքեր փրկվեն, ու հիվանդներն այլևս չբռնեն Երևանի ճանապարհը:

 
Հիմնական մայրուղուց մինչև հիվանդանոց տանող ճանապարհը ընդամենը 1 կմ էր, որը մեղմ ասած գտնվում էր անբարեկարգ վիճակում: Երբ մուտք գործեցինք հիվանդանոց, բոլորին նույն հարցն էի տալիս․ «այս ճանապարհով մինչև հիվանդին տեղ հասցնեն չե՞ք կարծում , որ նրա վիճակն էլ ավելի կբարդանա»: Հիվանդանոցի աշխատակիցները նշում էին , որ իրենց էլ այդ հարցը շատ մտատանջում, ու ամեն անգամ, երբ խոսում են ճանապարհից խոստանում վերանորոգել: Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, ով ուղեկցում էր նախագահին նշեց , որ ճանապարհը հավանաբար կվերանորոգվի 2020 թին : Հիվանդանոցը նախագահի վերջին կանգառն էր: Հետո արդեն ամփոփելով այցը նախագահը ներկայացրեց իր դիտարկումները ՝ ցավով նշեց, Սյունիքը ունի մեծ ներուժ,որի մի մասը դեռևս չի օգտագործվում։
«Եթե սկսենք օրինակ՝ Մեղրիից, հույս ունեմ, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին շատ արագ կգործարկվի։ Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն ոչ միայն Սյունիքի համար կիրառական, կյանքի նշանակություն ունի, այլ նաև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ պատրաստեն և հետաքրքված են, որպեսզի Հայաստանի ազատ տնտեսական գոտին օգտագործեն, Իրանի Իսլամական Հանրապետության շուկա մտնելու համար»֊ ասաց Սարգսյանը
Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության մասին, նախագահը էական համարեց այն, որ Հայաստանի մասշտաբներով հսկա կառույցը միշտ ուշադրությամբ հետևի բնապահպանական խնդիրների լուծմանը և սոցիալական ծրագերի իրագործմանը: Միևնույն ժամանակ նշեց, որ նույն Կապանում, որն եղել էր արդյունաբերական քաղաք, ներկայումս այդ արդյունաբերության մի մեծ մասը քաղաքը կորցրել է։
«Ինչու եմ ասում կորցրել է, որովհետև արդյունաբերության մի մեծ մասը կորցնելով, նաև աշխատանքային տեղերն են կորցնում, անհատները լքում են իրենց հայրենիքը, տեղափոխվում են Երևան, գուցե հետո արտասահման, այն դեպքում, որ կարող էին ապրել այնտեղ։ Նույն Կապանում եղել է և թևթև, և սննդի արդյունաբերություն»,֊ասաց նախագահը:
Նախագահը շատ էր տպավորվել Քարահունջ համայնքում կազմակերպված ամենամյա թթի փառատոնը։ «Հետաքրքրիր էր՝ ընդամենը մի հատապտուղ,բայց դրա մեջ կա ոչ միայն նրա վերամշակումից ստացված օգելից խմիչքը, այլ նաև ինչ-որ իմաստ, փիլիսոփայություն։ Թթի մի մեջ կա նաև մի ընդանուր համայնքի պատմություն և մարդիկ, ովքեր հպարտ են , որ իրենց անունը Քարահունջ է։ Իսկապես շատ տպավորիչ էր, այն ուրախությունը, որ կար այդ տոնի առիթով և մարդկանց քանակը, որ եկել էին ոչ միայն շրջակա գյուղերից և քաղաքներից, այլ նաև Երևանից»,- ասաց Սարգսյանը։

Արմինե Գևորգյան