Բավ է պառակտվել
20-09-2021 11:39

2021թ․ առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,9մլրդ․ դոլար․ Մհեր Գրիգորյան

2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար, աճելով 16 տոկոսով, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը․ հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
«Ընդ որում, ներկրումն աճել է 9 տոկոսով, արտահանումը՝ 36 տոկոսով։ Արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը, մեքենաշինական սարքավորումները, գյուղատնտեսական, թեթև արդյունաբերական, քիմիական արտադրանքը, սննդամթերքը։ Հարկ է նշել, որ արտահանման, առաջին հերթին՝ ոչ հումքային արտադրանքի արտահանման աճի հեռանկարներն ակնհայտ են»,-նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականին առաջին անգամ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցեց 2 միլիարդ դոլարի նշագիծը: «Չնայած գլոբալ համավարակի պատճառով մեր քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների տեղաշարժի պարտադրված սահմանափակումներին՝ 2020 թվականին մեզ հաջողվեց երկկողմ առևտրաշրջանառության ընդամենը մի փոքր անկում գրանցել», - ասաց Գրիգորյանը:

Այս ամենը, նշեց ՀՀ փոխվարչապետը, վկայում է արդյունաբերական համագործակցության և համատեղ կորպորացիաների ու արդյունաբերությունների զարգացման ռացիոնալ և ժամանակին ակտիվացման, համատեղ նորարարական ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին, որոնք հնարավորություն կտան մրցունակ լինել արտաքին գործընկերների նկատմամբ: Հարկ է նաև կառուցել կազմակերպչական և լոգիստիկ շղթաներ, ստեղծել արտահանման աջակցության կենտրոններ:

Նրա խոսքով, ներկա ծանր իրավիճակում ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի համար մնում է տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը և դառնում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա ազդող կարևոր դրական գործոն:

Նրա խոսքով, այսօրվա գործարար համաժողովն, ըստ էության, առաջին միջոցառումն է այս ձևաչափով և նման մասշտաբով, որի նպատակը ռուս գործընկերների հետ տնտեսության և ներդրումային միջավայրի արդիական խնդիրների անմիջական քննարկումն է:

Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ այսօրվա աշխատանքը լավ հարթակ կծառայի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումներ հաստատելու և փոխշահավետ նոր հեռանկարային նախագծերի և համագործակցության լուծումների քննարկման համար:

«Մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, այդ թվում ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շնորհիվ: Հայաստանը ցույց է տալիս առևտրի և համագործակցության աճի կայուն տեմպեր ԵԱՏՄ երկրների հետ: Եվրասիական ինտեգրման ծրագրի արդյունքում մեզ հաջողվեց նկատելիորեն թուլացնել համավարակի տնտեսական և սոցիալական կործանարար հետևանքները», - ասաց Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում զգալի զարգացում է արձանագրվել տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման և առողջապահության ոլորտներում: Մոտակա ծրագրերի շարքում Գրիգորյանը նշեց Հարավկովկասյան երկաթուղու (Ռուսական երկաթուղիների հայկական դուստր ձեռնարկություն) հետ համագործակցության վերսկսումը, Փոթի նավահանգիստ - Կավկազ նավահանգիստ լաստանավային հաղորդակցության վերականգնումը, ինչը կմեծացնի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը: