Բավ է պառակտվել
25-08-2022 22:20

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 6 ամսում աճել է 42 տոկոսով, հասնելով ռեկորդային 1,6մլրդ․ դոլարի․ Միշուստին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում , տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Միշուստինը նշել է արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում հարաբերությունների շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։

«Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Միշուստինը նշել է առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` և՛ տրանսպորտի, և՛ արդյունաբերության, և՛ էներգետիկայի ոլորտներում աշխատանքներն արագացնելու մտադրության մասի, կարևորելով բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով հարմարավետ պայմանների ստեղծումը։

«Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաև, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը»,- ասել է նա:

ՌԴ վարչապետի խոսքով՝ մեծ աշխատանք է տանում երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ:

«Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության»,- ասել է նա:

Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ Միշուստինի նշած թվերը համատեղ ջանքերի կոնկրետ արդյուն են։

Հայաստանի վարչապետը արդյունավետ է գնահատել Հայստանի և Ռուսաստանի միջև շարունակվող քաղաքական երկխոսությունը։

«Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար»,- ասել է նա։

Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրային խոշորագույն գործընկերն է։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 650 823,6 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 50,1 տոկոսով։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 542 802,4 հազար դոլար՝ 48,4 տոկոս աճով, իսկ ներմուծման ծավալը՝ 1 164 290,6 հազար դոլար ( 41,7% աճ)։