Բավ է պառակտվել
05-02-2021 13:03

Թվային տեխնոլոգիաներ և տարիֆային առավելություններ. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ նիստի ժամանակ

Ղազախստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է “Ալմաթայի թվային համաժողով 2021”-ին ("Almaty Digital Forum 2021") և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Հայաստանի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում բարձրացրել Է Եվրասիական Տնտեսական միության երկրների ներքին շուկայի պաշտպանության հարցը։

Ելույթի ընթացքում վարչապետը մատնանշել է մինչև 2025 թվականը Զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը՝ հույս հայտնելով, որ ընթացիկ տարին արդյունավետ կլինի ինտեգրման համար:
«Այս կապակցությամբ կցանկանայի նշել բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում հետագա համագործակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Հայաստանն ավանդաբար ակտիվորեն աջակցում և մասնակցում է Միության թվային օրակարգի իրականացման գործընթացին»,-նշել է Փաշինյանը։

Փաշինյանն ուշադրություն է հրավիրել «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի բջջային հավելվածի պիլոտային նախագծի մեկնարկին: Այս նախագիծը հնարավորություն տվեց փոխընդունելի լուծումներ գտնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների հարցում։

«Սա էական սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Ակնհայտ է, որ նման նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցման տեսանկյունից և կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ-ում հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառման վրա։ Փաշինյանի խոսքով՝ դրանք կարող են արդյունավետ լինել երրորդ երկրներից հարաճուն ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար։

Այստեղ, նրա խոսքով, կարևոր է ինչպես միասնական մոտեցումն, այնպես էլ վերջնական արդյունքն՝ արտահայտվածերրորդ երկրների ապրանքների համեմատ Միության երկրների ապրանքների մրցունակությամբ։

«Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում պետք է դիտարկել նաև գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում պատասխան միջոցների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունն»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ գործընկերներին սակագնային առանձնաշնորհների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը Միության երկրների ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։

«Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների նկատմամբ սակագնային արտոնություններ տրամադրելու հարցն արդեն մտել Է ԵԱՏՄ օրակարգ և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա մեր իսկ ընդունած չափանիշների հիման վրա»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանը, նրա խոսքով, պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ում առաջնային ուղղություններում աշխատանքն առաջ մղելու համար:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկն՝ առաջարկելով ցանկից հանել Թուրքիային։