Բավ է պառակտվել
12-01-2022 16:52

Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացվել են քաղաքական նկատառումներով

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի իշխանությունները պատրաստ են ծրագրեր ներդնել պաշտպանելու հայկական ընկերությունները, որոնց բիզնեսը կվտանգվի թուրքական ապրանքների էմբարգոյի վերացումից հետո։ Այս մասին չորեքշաբթի ասել է լրագրողներին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները որոշել են չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, որը գործում էր 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ այս տարվա ընթացքում Հայաստանի մի շարք տնտեսվարող սուբյեկտներ նախաձեռնել են թուրքականին փոխարինող ապրանքների արտադրություն։ Նշվում է, որ Թուրքիայից փոխադարձության սկզբունքով ապրանքների ներմուծման արգելքի վերացումով ակնկալվում է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայկական ապրանքների արտահանման համար։

«Մենք պետք է ուշի-ուշով հետևենք և պաշտպանենք այն ընկերությունները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են բացվել՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների շնորհիվ և այնպես անենք, որ նրանց կայացման գործընթացը չխաթարվի, և եթե տեսնենք, որ խնդիրներ կան, այդ ներդրողների բիզնեսներ վտանգված են և նրանք այնքան չեն կայացել, որպեսզի կարողանան մրցակցել թուրքական ապրանքներ ներկրողների հետ, ապա մենք անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք նրանց»,- հավաստիացրել է Քերոբյանը:

Նախարարը նշել է, որ թուրքական ապրանքների էմբարգոն վերացնելու որոշումը կայացնելիս Հայաստանի կառավարությունը առաջնորդվել է քաղաքական նկատառումներով։ Քերբյանն ընդգծել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է Հայաստանի համար ընդունելի պայմաններով երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, որպեսզիկարողանան մտածել երկարաժամկետ աշխատանքի մասին։։

«Այս խաղաղության բացակայության պատճառով Հայաստանը հնարավորություն չուներ զարգանալու այլ մրցունակ երկրների պես, որտեղ երկարաժամկետ խաղաղություն կար»,- ասաց նա։

Ավելի վաղ Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հետ կապված ներքին շուկայում տարեկան 200 մլն դոլարի նիշա է բացվում։ Իսկ 2021 թվականի փետրվարին, խոսելով ներմուծումը փոխարինելու մասին, էկոնոմիկայի նախարարության ղեկավարը նշել էր, որ գերատեսչությունը շեշտը դնում է ներկրվող ապրանքներն առաջին հերթին հայկականով փոխարինելու վրա, ուշադրություն է դարձնում նաև Իրանի, Չինաստանի և ԵԱՏՄ շուկաներին։

Թուրքական ապրանքների Էմբարգոն

Թուրքական ծագման ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը սահմանվեց 2020 թվականի հոկտեմբերին՝ 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության և Ադրբեջանին ցուցաբերվող օգնության պատճառով։ Արգելքն ուժի մեջ մտավ 2021 թվականի հունվարի 1-ից 6 ամսով, իսկ հունիսի 24-ին այն երկարացվեց ևս վեց ամսով։

Թուրքական ծագման ապրանքների Հայաստան ներմուծման ժամանակավոր արգելքը վերաբերում էր ոչ միայն իրավաբանական անձանց, այլ նաև ՀՀ ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքներին։

Մաքսային մարմնի լիազորությունների շրջանակում տեղում որոշվում է օտարերկրյա, այդ թվում՝ թուրքական պետհամարանիշներով բեռնատարների Հայաստան մուտքի հարցն։ Այս առնչությամբ ՊԵԿ-ը նշել է, որ միջազգային բեռնափոխադրումներ կարող են իրականացվել, օրինակ, թուրքական բեռնատարներով, և ամենևին էլ պարտադիր չէ, որ ներկրվող բեռը լինի թուրքական ծագման։

Հայ-թուրքական երկխոսության մասին

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։
Թուրքական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։մասին։ Հայաստանի բանագնաց է նշանակվել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մերձավորը)։ Օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատոիկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։

2017-ի սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չի դրել, չնայած նրան, որ Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար։

2018-ի մարտի 1-ին Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին հրամանագիրը։