Բավ է պառակտվել
04-02-2019 16:43

Հայաստանում կարող է Ռուսաստանի հետ կապող այլընտրանքային ճանապարհ հայտնվել

Մոսկվան և Թբիլիսին ավարտել են 2011թ. “Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին” համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը: Այն թույլ է տալիս ապրանքների առևտրի և տարանցման համար օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները: Սա, սակայն, չի երաշխավորում, որ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված, սակայն Վրաստանի կողմից գրավված համարվող հանրապետությունների տարածքներով իսկապես բեռներ կանցնեն։

Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքները

Այն մասին, որ Ռուսաստանը և Վրաստանն ավարտել են “Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին” համաձայնագրի՝ գործնականում կիրառության մեջ մտցնելու աշխատանքը, տեղեկացրել է “Կոմերսանտ” թերթի զրուցակիցը Ռուսաստանի կառավարությունից։ Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2011 թվականի նոյեմբերի 9-ին Ժնևում։ Դա Առևտրայի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցելու ընթացքում կնքված փաստաթղթերի փաթեթի մի մասն է։

Ռուսաստանն ԱՀԿ անդամ է դարձել 2012թ.։ Սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է երկու երկրների միջև երեք առևտրային միջանցքի ստեղծում, որոնցից երկուսն անցնում են Աբխազիայով ու Հարավային Օսիայով, այդպես էլ չի գործարկվել։ Յոթ տարի է պահանջվել Մոսկվայից և Թբիլիսիից պատրաստել ամենը դրա իրականացման համար։

“Կոմերսանտի” աղբյուրը պնդում է, որ թղթաբանությունն ավարտվել է, և այլևս որևէ բան չի խանգարում մաքսային վարչարարության ու մոնիթորինգի համաձայնեցված մեխանիզմի գործարկմանը։ Բեռների մոնիթորինգով և մակնիշավորմամբ կզբաղվի շվեյցարական Societe Generale de Surveillance (SGS) կազմակերպությունը։ Այն հիմնվել է 1878թ. որպես հացահատիկի բեռները վերահսկող ընկերություն։ Այսօր SGS-ն վերահսկող ծառայությունների, փորձաքննության, փորձարկումների և հավաստագրման բնագավառում համաշխարհային առաջատարներից մեկն է: Ընկերության աշխատակիցների թիվը 97 հազարից ավելի է, որոնք աշխատում են 2,6 հազար գրասենյակում և լաբորատորիաներում աշխարհով մեկ, այդ թվում՝ Ռուսաստանում, սկսած 1987 թվականից։ Վերջերս ընկերությունը ներկայացրել է հաշվետվություն՝ առաջարկներով, ինչպես խուսափել մաքսային խնդիրներից ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։

Վրաստանը SGS- ի հետ պայմանագիր է կնքել 2017 թվականին, իսկ Ռուսաստանը՝ 2018-ին: Ընկերության ներկայացուցիչները պետք է հայտնվեն ռուսական և վրացական մաքսային տերմինալներում ` առևտրային միջանցքների մուտքի և ելքի հատվածներում:

Միջանցքների հստակ աշխարհագրական կոորդինատները գրանցված են 2011 թ. Պայմանագրում:

Ենթադրվում է, որ այսպես կոչված “աբխազական միջանցքը” կսպասարկի Ադլերում և Ինգուրի գետից հարավ գտնվող տերմինալները, հարավօսականը՝ Ալագիրում և Գորիի շրջակայքում գտնվողներն, իսկ ռուս-վրացական միջանցքը՝ Վլադիկովկասում և Կազբեկի շրջանում (վրացական ռազմական ճանապարհ)։
Ըստ համաձայնագրի, SGS- ի աշխատակիցները կսկսեն աշխատանքն այն բանից հետո, երբ ՌԴ-ն և Վրաստանը կկատարեն վճարումները նրանց աշխատանքի համար։ Վրացական կողմը վճարել է շվեյցարական ընկերության աշխատանքի համար անցյալ տարվա նոլեմբերին։ SGS-ի հետ պայմանագրային գումարը չի բացահայտվում: Ինչպես պարզել է “Կոմերսանտը”, Ռուսաստանի դեպքում գինը կազմում է տարեկան 5մլն․շվեյցարական ֆրանկ։ Վրաստանի մուծումը նույն չափի է։

Կողմերը կսահմանեն մոնիթորինգի մեկնարկի վերջնաժամկետը 2011թ. համաձայնագրի համապատասխան ստեղծված համատեղ կոմիտեի նիստում։ Կոմիտեն առաջին անգամ կգումարվի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին։

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է թերթին, որ համաձայնագրի գործարկման նախապատրաստումն ավարտված է։

“Բավական երկար ժամանակ պահանջվեց։ Դա բացատրվում է նրանով, որ նախագիշը յուրահատուկ է։ Նման նախադեպ գոյություն չունի ոչ մի տեղ, և ամենն առաջին անգամ է գործարկվում”,-ասել է պարոն Աբաշիձեն։

Նրա խոսքով՝ վրացական կողմը հույս ունի սկսել փաստաթղթի իրականացումը։

Հայաստանի հետաքրքրվածությունը

Համաձայնագրի կատարումն սկսելու հարցում շահագրգռված է նաև Հայաստանը։ Վերջինիս համար հարավօսական միջանցքը ռազմական վրացական ճանապարհի այլընտրանքն է, որը ձմռանը հաճախ փակվում է ձյան ու ձնահյուսերի պատճառով։ “Մենք ունենք հայերի բազմաթիվ խնդրանքները Ռուսաստան տարանցման մասին, որը հաճախ դադարեցվում է ձյան պատճառով”,- հաստատել է պարբերականին ռուս պաշտոնյան։

Այն մասին, որ Երևանը կշահի ռուս-վրացական մաքսային վարչարարության մեխանիզմի մեկնարկից, նախկինում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը “Կոմերսանտ”-ին տված հարցազրույցում. “Հայաստանի խնդրանքն իսկապես կա”:

Ներկայումս բեռները Հայաստանից և հակառակ ուղղությամբ հիմնականում իրականացվում են վրացական ռազմական ճանապարհով։

Համակցված երթուղի

Գոյություն ունի նաև համակցված երթուղի, որի մի հատվածն անցնում է ծովով․Փոթի - Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումը։ ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ եթե լրացուցիչ միջանցքներն աշխատեն՝ դրանք շատ պահանջված և ծանրաբեռնված կլինեն:

Այդ ծրագրերը կարող են իրականացվել միայն այն պայմանով, որ վրացական կողմը համաձայնի ապրանքները բաց թողնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով և ձևակերպի դրանք:

“Համաձայնագիրն ինքնին չի պարտադրում կողմերին ավտոմատ կերպով բացել միջանցքները: Այնտեղ մոնիթորինգի մեխանիզմի վերաբերյալ պարտավորություններ կան”, - ասել է Զուրաբ Աբաշիձեն: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ համաձայնագիրը պետք է լիարժեք իրականացվի. “մենք գործելու ենք խստորեն հետևելով դրան”։
Ամեն ինչ կարող է ձախողվել

Սա նշանակում է, որ շատ հավանական է մի իրավիճակ, երբ SGS ներկայացուցիչները մարտին հայտնվեն մաքսային տերմինալներում, և մոնիթորինգն ուժի մեջ մտնի, բայց ապրանքը չանցնի համաձայնեցված միջանցքներով: Մանավանդ, որ նախկինում 2011թ. համաձայնագիրը բազմիցս վիճաբանություն է հարուցել Ռուսաստանի և Վրաստանի բանակցող կողմերի միջև` փաստաթղթի տարբեր մեկնաբանման պատճառով: Մոսկվայի տեսակետն այն է, որ փաստաթուղթը մաքսային սահմանի հատկանիշներ է տալիս է Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններին (Ռուսաստանը ճանաչում է դրանց անկախությունն, իսկ Վրաստանը համարում է դրանք գրավյալ տարածքներ):

“Դրա մեջ ռուս-վրացական առևտրի մասին խոսք չկա: Անգամ վերնագրում բաց են թողել հիշատակումն այն մասին, թե ով ում հետ է առևտուր անում: Ռուսական պատկերացմամբ դա 3 տեսակի առևտուր է. առաջին՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև, երկրորդ՝ ՌԴ-ի և Աբխազիայի ու ՌԴ-ի և Հարավային Օսիայի միջև, երրորդ՝ Աբխազիայի և Վրաստանի ու Հարավային Օսիայի և Վրաստանի միջև: Ըստ էության, համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Վրաստանին հարկադրում են Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել որպես ինքնուրույն մաքսային տարածքներ”,- պնդում է ռուս պաշտոնյան: Նրա խոսքով՝ համաձայնագրի գլխավոր իմաստն այն է, որ 2008 թվականից հետո “Վրաստանի նոր մաքսային սահմանները գծված են”։

Վրացական կողմը կտրականապես համաձայն չէ այս մեկնաբանության հետ:

“Սկզբունքորեն սխալ է հարցն այս կերպ դնելը: Սա նշանակում է թեման նախօրոք փակուղի մտցնել: Մենք քաղաքական բանավեճի մեջ չենք մտնում և ամեն կերպ սուր անկյունները շրջանցում ենք՝ հասկանալով, որ համաձայնագրի արժեքավորությունը դրա չեզոք կարգավիճակն է: Եթե սկսեն հարցերն այսպես դնել, սա քաղաքական իմաստով չափազանց անհաջող կլինի, և մենք դժվար թե հաջողության հասնենք”,- շեշտել է Զուրաբ Աբաշիձեն:

Թբիլիսիի համար այս թեման այնքան զգայուն է, որ ինչ-որ պահի Վրաստանի ներկայացուցիչները պնդում էին վրացերեն թարգմանված պայմանագրի տարբերակում չօգտագործել “մաքսային” բառը:

“Մեզ ասում էին, որ վրացերենում նման բառ չկա Մենք մասնագետ բերեցինք, և նա այդ բառը ցույց տվեց։ Նրանք ստիպված ընդունեցին դրա առկայությունը, սակայն մեզ ասվեց, որ այն չի օգտագործվում։ Այդ ժամանակ մենք օրինակ բերեցինք նրանց համաձայնագրերն այլ երկրների հետ, որտեղ առկա էր “մաքսային” բառը։ Եվ վեճն ավարտվեց”, - հիշում է “Կոմերսանտ”-ի զրուցակիցը ռուսաստանյան բանակցողների թվից:

Նա պատմել է, որ Վրաստանը փորձել է SGS- ի հետ պայմանագրում մտցնել այն ձևակերպումը, ըստ որի այդ ընկերությունը պետք է աշխատի “Գրավված տարածքների մասին” վրացական օրենքի համաձայն: Այնտեղ Աբխազիան կոչվում է Աբխազական Ինքնավար Հանրապետություն, իսկ Հարավային Օսիան՝ Ցխինվալիի շրջան: Ի պատասխան, Ռուսաստանը սպառնացել է պահանջել, որ SGS- ի հետ պայմանագիրը հաշվի առնի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագիրն Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին: Արդյունքում պայմանագրերը չեն պարունակում հղումներ կողմերի նշված իրավական ակտերին: