Բավ է պառակտվել
18-08-2014 10:10

Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցություններում առաջընթաց կա. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Բեռլինում Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո, որտեղ գրեթե 5 ժամ քննարկվել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիները, հայտարարել է, որ կողմերի միջև աննշան մերձեցում է գրանցվել, գրում է Deutsche Welle-ն։ «Այսօր՝ օրվա 2-րդ կեսին և երեկոյան, մենք միասին շատ ժամեր ենք անցկացրել։ Դրանք հանդիպումներ են, որտեղ փորձում են խոսել անկեղծ, քանի որ այս իրավիճակում դա անհրաժեշտ է։ Ծանր զրույց է եղել, սակայն կարծում եմ և հույս ունեմ, որ մենք որոշ կետերում հասել ենք առաջընթացի։ Բանակցությունների նպատակն է՝ օգտագործել բոլոր առկա հնարավորությունները, որպեսզի Ուկրաինայում, վերջապես, դադարեցվի կրակը՝ հետագա զոհերից խուսափելու համար»,- հայտարարել է նախարարը։
Հանդիպման արդյունքների մասին կզեկուցվի պետությունների առաջնորդներին, հետագա բանակցությունների ձևաչափը կորոշվի առաջիկա օրերի ընթացքում։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը լքել է բանակցությունների անցկացման վայրը՝ չխոսելով մամուլի հետ։
Իսկ նրա ուկրաինացի գործընկեր Պավել Կլիմկինը բանակցություններից հետո Twitter-ում գրառում է արել. «Հինգ ժամ դժվարագույն զրույց։ Սակայն, հավանաբար, տեղից շարժվելու համար շատ 5 ժամեր են անհրաժեշտ։ Չի կարող լինել փոխզիջում մի տեղ, որտեղ պետությունը պետք է հատի իր կարմիր գիծը։ Ուկրաինան այն չի հատել»,- գրել է ուկրաինացի նախարարը։