Բավ է պառակտվել
04-01-2021 15:17

Հայաստանում կարող է սով սկսվել մարտ, ապրիլ, մայիս ամիսներին․ Հրանտ Բագրատյան

Հայաստանում հասունանում է պարենային ճգնաժամ, որն իրեն զգացնել կտա 2021-ի գարնանը: Այս մասին երկուշաբթի մամլո ասուլիսում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Սրա պատճառը Ղարաբաղում պատերազմի արդյունքում տարածքային կորուստներն են:

«Սոված վիճակ կլինի մարտին, ապրիլին, մայիսին: Լավ բան քիչ եմ տեսնում։ Լուրջ հողային կորուստներ ունենք, կորցրել ենք հազարավոր հեկտար վարելահող, արոտավայր, ցորենի արտեր», - ասել է նա։ Բագրատյանը համոզված է, որ Ադրբեջանին փոխանցվող յուրաքանչյուր նոր տարածքի հետ Հայաստանը կորցնում է իր գյուղատնտեսական ներուժի մի մասը:

Նախկին վարչապետի համար հուսադրիչ չէ նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունը: Նա Կենտրոնական բանկի ղեկավարությանը մեղադրել է ոչ կոմպետենտության մեջ՝ հայտարարելով, որ երկրի արժութային պահուստներն ամսեամիս հալչում են:

«Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում Կենտրոնական բանկը 500 միլիոն դոլար է մսխել», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Բագրատյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1993-1996 թվականներին: Մասնագիտությամբ տնտեսագետ է: 2013-ին նա իր թեկնածությունն էր առաջադրել նախագահի պաշտոնի համար։