Բավ է պառակտվել
07-07-2020 18:43

Ռուսական Կալաշնիկով նոր սերնդի ինքնաձիգների արտադրումը Հայաստանում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 0-ից մասնավոր ընկերությունը արտադրելու է նոր սերնդի ինքնաձիգներ։ Գործարանի հիմնման աշխատանքները սկսվել էին շուրջ երկու տարի առաջ, ձեռնարկությունն արդեն պատրաստ է աշխատել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս, ընկերության ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել հավաքվող արտադրանքին: Վարչապետին ուղեկցել են Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Տարեկան 150 միլիոն փամփուշտ, 50 հազար ինքնաձիգ, օպտիկա-էլեկտրոնային և գիշերային ջերմային նշանոցներ․ այս ամենը Հայաստանն առաջիկայում ոչ թե պատրաստվում է գնել, այլ արտադրել տեղում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքին «Մոնթե» անունը ստացած ջերմատեսիլն է՝ «Made in Armenia» գրությամբ։ Ընկերության ներկայացուցիչը նախ վարչապետին պատմում է, որ ձեռնարկությունում նաև օպտիկաէլեկտրոնային սարքեր են արտադրվում։
«Հասկանալու համար, թե ինչպիսի սարքեր են պետք բանակին, ընկերության ինժեներներն աշխատել են առաջնագծում, զորամասերում քննարկել և ուսումնասիրել»։
Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈՒ-ում ծառայած պահեստազորի սպաներ, որոնք ունեն զենքի հետ վարվելու փորձ և գիտելիքներ․ նրանք պետք է հավաքեն, ստուգեն և վերահսկեն գործընթացը։ Արտադրամասում տեղակայված բոլոր հատուկ սեղանները ու սարքավորումները, որոնք օգտագործվելու են բուն արտադրության պրոցեսում, պատրաստված են Հայաստանում՝ ընկերությանը ռուսական կողմից տրված տեխնիկական բնութագրերի հիման վրա։
«Մոտ ապագայում նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապատասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն»։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գործարանում հիմնական արտադրությունը չորս ուղղությամբ է կազմակերպվում. առաջին ուղղությամբ արտադրվելու են փամփուշտներ, ավտոմոբիլային և հակատանկային տեխնիկաների վերանորոգման համար անհրաժեշտ մասեր։
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը նախաստորագրվել է 2018-ին, վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին՝ 10 տարի ժամկետով:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK 103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում ինքնաձիգերը հավաքվելու են 0-ից, դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից, հետո ՝ արտադրվելու են տեղում։
Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:
Ձեռնարկության ներկայացուցիչները համոզված են, որ մեկ տարվա ընթացքում կբավարարվի պաշտպանության նախարարության պահանջարկը:

 

 

Արմինե Գևորգյան