Բավ է պառակտվել
23-12-2020 11:07

Հայաստանում սպասվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է “Հայաստանի էլեկտրական ցանցերԾ ՓԲԸ-ի կողմից սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագները։

Կարգավորողի կայքում հրապարակված հայտարարությունեւմ ասվում է, որ որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված իրականացվել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացը և բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծությունը։
Արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Արդյունքում, առաջարկվում է՝
1) սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ, 2) իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Հայաստանում բնակչության համար (220 կՎ ցածր լարման ցանցի բաժանորդներ) էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը կազմում է ցերեկային ժամերին 44,98 դրամ (9,5 ցենտ), իսկ գիշերը` 34,98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար գործում են ավելի ցածր սակագներ. ցերեկային ժամերին՝ 29,9 դրամ, գիշերային ժամերին՝ 19,9 դրամ։

«ՀԷՑ» ՓԲԸ-ն մտնում է «Տաշիր» ընկերությունների խումբ, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին: «Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտներում գործող խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական ընկերություններից մեկն է հանդիսանում։