Բավ է պառակտվել
16-05-2022 20:59

Հայաստանում կանխատեսում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատում

Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի ծավալները կարող են կրճատվել, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կազմել է 2,5 մլրդ․ դոլար (2021թվականին՝ խմբ․), որից շուրջ 800 մլն դոլարը արտահանումն է, 1.7 մլրդ դոլարը` ներմուծումը։

«Վերջին 1.5 ամսվա իրադարձությունների զարգացման պարագայում թարմ տվյալները, իհարկե, քիչ են հեռուն գնացող կանխատեսումներ անելու համար։ Բայց ամենայն հավանականությամբ առևտուրը կկրճատվի։ Մենք դեռևս չենք հրապարակել վճարային և առևտրային հաշվեկշռի և կապիտալի հոսքի վերջնական գնահատականն, այդ պատճառով դեռ չենք որոշել, թե որ ուղղությամբ կլինի սպասվող փոփոխությունն»,– ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանն ընդգծել է, որ Ուկրաինայի հետ Հայաստանի առևտուրը մեծ չէր՝ 160 մլն դոլար, որի մեջ մեծ է ներմուծման բաժինը (120 միլիոն), սակայն ներկայումս առևտրի ծավալները մոտ են զրոյին։ Փոխնախագահը վստահեցրել է, որ ներմուծման և արտահանման այս ծավալները կլրացվեն այլ միջոցներով։

«ՌԴ տնտեսության համար արված մեր կանխատեսումները բացասական են․ մենք կանխատեսում ենք 8 տոկոսի սահմաններում (ՀՆԱ-ի նվազում), բայց ուզում եմ նշել, որ կանխատեսումներն արվել են «անհասկանալի իրադարձությունների» ֆոնին»,- ասել է նա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 690 661,5 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,9 տոկոսով։
Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերներն են Ռուսաստանը (2022 թվականի հունվար-մարտին առևտրի ծավալը կազմել է $634,194,2 հազ., 2021 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճը՝ 40,6%), Ուկրաինան ($24,559,3 հազ., անկումը՝ 5,4%) և Բելառուսը ($16,389,7 հազ., աճը` 73,2%).