Բավ է պառակտվել
01-04-2022 12:17

Հայաստանում գազը թանկացավ

Ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել բնական գազի նոր սակագները, որոնք սահմանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):

ՀԾԿՀ-ն որոշել է սահմանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին իրացվող բնական գազի հետևյալ սակագները.

1) Սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100.000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

2) Բնակչությանը վաճառվող բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

4) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),

5) վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143.700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Գազի նախկին սակագները

Հայաստանի ՀԾԿՀ-ն 2020 թվականի հուլիսի 19-ին անփոփոխ թողեց բնակչությանը վաճառվող գազի սակագինը՝ 139 հազար դրամ հազար խմ-ի դիմաց (խոսքը տարեկան մինչև 600 խմ գազ օգտագործող սպառողների մասին է) և սոցիալապես անապահով խմբերինը՝ 100 հազար դրամ/հազար խմ։

Միաժամանակ հանձնաժողովի որոշմամբ փոփոխվել է խոշոր սպառողների սակագնային սանդղակը։ Այսպես, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար սակագինը ներկայիս 212 դոլարից 1000 խմ-ի համար դարձել է 224 դոլար, իսկ ամսական ավելի քան 10000 խմ գազ սպառող բաժանորդների համար՝ ներկայիս 242,1 դոլարից մինչև 255,92 դոլար 1000 խմ-ի դիմաց։

Ռուսական գազի մատակարարումների մասին

«Գազպրոմ» ՓԲԸ-ն Հայաստանում ներքին սպառման գազի միակ մատակարարն է։ Հայաստանում ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարումները սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն (Գազպրոմի դուստր ձեռնարկություն) տարանցիկ՝ Վրաստանի տարածքով։ Հայաստանի համար ռուսական գազի գինը (սահմանին) կազմում է 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։