Բավ է պառակտվել
09-11-2022 23:49

Հայաստանում նոր «Ֆասթ Բանկ» է բացվել

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն անվանմամբ և տրամադրել բանկային գործունեության լիցենզիա: Այս մասին հայտնում է Armbanks ֆինանսաբանկային պորտալը՝ հղում անելով Կենտրոնական բանկի մամլո ծառայությանը։
Ուժը կորցրած է ճանաչվել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 37 լիցենզիան։ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին են անցնում «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ հանդիսանալով լիիրավ իրավահաջորդը:
Խորհրդի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել դեռևս 04.08.2021թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված նախնական հավանությունը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ: Ընկերությունը նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել է տնտեսական ծրագրով և օրենսդրությամբ սահմանված միջոցառումները և դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար:
Միաժամանակ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտավոր է ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպության գործունեության փոփոխության վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին:
Հայաստանում ներկայումս գործում է 17 առևտրային բանկ։