Բավ է պառակտվել
07-09-2021 15:42

Հայաստանում հայտնի ապրանքանիշերի լվացքի փոշի կեղծող «գործարարների» են բռնել

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն բացահայտել է կեծարարության դեպք․ հայտնի արտադրողների լվացքի փոշու տոպրակներում փաթեթավորվում էր անհայտ ծագման լվացքի փոշի։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին Հայաստանում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:

Պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվել է լվացքի փոշու արտադրություն: Պլանավորվել էր Ռուսաստանից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու 30.100 հատ 9 կգ-անոց դատարկ պոլիէթիլենային պարկերով փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի։

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝  ևս 2  հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:

Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով (Սպառողներին խաբելը) հարուցվել է քրեական գործ: