Բավ է պառակտվել
20-12-2021 21:47

Հայաստանում փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան կարող է թանկանալ

Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի միջին սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց կարող է աճել 4,7 դրամով։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կայքում։

Միաժամանակ առաջարկվում է

էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար (բնակիչ-բաժանորդների 11%).
ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով,
ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով ,
նացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով։

Առաջիկա որոշումը քննարկելու համար ՀԾԿՀ-ն դեկտեմբերի 23-ին կանցկացնի հանրային լսումներ։

Հայաստանի ՀԾԿՀ-ն 2020 թվականի վերջին հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի փետրվարի 1-ից։

Կարգավորողի որոշմամբ՝ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմում է 36.48 դրամ/կՎտ.ժ (ներկայացված բոլոր թվերը ներառում են ԱԱՀ), գիշերային սակագին` 32.48 դրամ/կՎտ.ժ, 35կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ համապատասխանաբար 38,98 դրամ և 34,98 դրամ, 6 (10) կՎ լարմամբ սնվող բաժանորդների համար՝ համապատասխանաբար 44,98 դրամ և 34,98 դրամ։

Միևնույն ժամանակ, շարքային քաղաքացիների համար՝ 380 Վ և ցածր լարման ցանցի բաժանորդների համար, ամսական 400 կՎտժ-ից պակաս սպառման դեպքում ցերեկային սակագինը 44,98 դրամ է 1 կՎտժ-ի համար, գիշերայինը՝ 34,98 դրամ; իսկ ամսական 400 կՎտժ-ից ավելի սպառող բաժանորդների համար՝ համապատասխանաբար 47,98 դրամ եւ 37,98 դրամ։

Միաժամանակ, բնակչության սոցիալապես անապահով խավերի համար, կառավարության որոշմամբ, էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերին կազմում է 29,99 դրամ, գիշերայինը՝ 19,99 դրամ/կՎտ/ժ։

Բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում գործում է ժամը 7.00-23.00, իսկ մարտից հոկտեմբեր՝ 6.00-22.00: ($ 1 - 480,61 դրամ)։